Հայ-վրացական բարեկամության «ավանդական բաղադրիչը». ի՞նչ են համտեսել Ավինյանն ու Ցկիտիշվիլին

Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ճաշել են Երևանում հայտնի հաստատություններից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավանել են երևանյան ռեստորաններից մեկում մատուցված հայկական ու վրացական ավանդական ուտեստները։ Ամենաշատը նրանց դուր է եկել թոնրում պատրաստած Սևանի իշխանը ու հատուկ բաղադրատոմսով եփած չալաղաջը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Chinar ռեստորանի շեֆ–խոհարար Աննա Համբարձումյանը։

«Տավարի չալաղաջը գինու մեջ հատուկ բաղադրատոմսով ենք եփում ու աջիկայով ենք մատուցում։ Իշխանի փափկամիսը նույնպես մեր ձևով ենք պատրաստում։ Հյուրերը հավանել էին հատկապես այս ուտեստները», –ասաց Համբարձումյանը։

Բացի այդ հյուրերի նաև հացի, պանրի ու մսեղենի տեղական տեսականի, ինչպես նաև վրացական ուտեստներ` պհալի ու հայկական ձևով պատրաստած ընկույզով սմբուկ են հյուրասիրել։

Ինչ չի կարելի տանել Վրաստան. հարևան երկիր հանգստի մեկնողներին ՊԵԿ–ը հիշեցնում է

Սեղանին եղել է նաև քամած մածուն, ամառային աղցան, ավելուկով ու սերկևիլով աղցան, հավից ու սալորաչրից աղցան։ Կարտոֆիլի պլեճը, խոզի չալաղաջն ու խոզի մատներն ամփոփել են բարձրաստիճան հյուրերի ճաշացանկը։

Աղանդերն իսկապես հայկական էր.այն  կազմված էր չրեղենից, «չինար» տորթից, փախլավայից ու գաթայից։

«Հյուրերը գոհ մնացին», – ամփոփեց համբարձումյանը։

Հիշեցնենք` հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստն անցկացվում է Երևանում մեծ դադարից հետո։ Վերջին անգամ այն անցկացվել է 2011 թվականին։ Նիստի անցկացման հարցը քննարկվել էր դեռ 2018 թվականի սեպտեմբերին՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի երևանյան այցի ժամանակ։ Վրաստանի վարչապետը այն ժամանակ հանդես եկավ ապրանքաշրջանառությունը մինչև 1 մլրդ դոլարի հասցնելու գրավիչ առաջարկով։

Վրաստանի պատվիրակությունը` փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլու ղեկավարությամբ, մասնակցում է Երևանում անցկացվող հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին։