ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ մեկնաբանելով մամուլում առկա տեղեկություններն այն մասին, թե 2020թ.–ին գազի գինը բարձրանալու է։
«Քննարկվող թեման մինչև 2030թ.–ը սպասվող ներդրումային ծրագրերն են և ինչ զարգացում պետք է ունենա մեր գազամատակարարման համակարգը։ Ինչպես նաև քննարկվել են որոշակի մոտեցումներ գազի ներքին գնի ձևավորման շուրջ»,– ասաց Բաղրամյանը` հավելելով, որ գազի գնի շուրջ որոշակի համաձայնության ձեռք բերման դեպքում այն կներկայացվի նաև հանրությանը։
«Քանի դեռ չկա վերջնական սակագնային հայտ և սպառողների համար գները չեն փոխվել, բնականաբար, այդ բարձրացման փոխհատուցումը գնում է ընկերության հաշվին»,– ասաց Բաղրամյանը` անդրադառնալով հարցին, որ սահմանին գազի գնի վերջին թանկացումից հետո այդ տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիան» իր սեփական միջոցներից, ինչն էլ ընկերության մոտ դժգոհություն է առաջ բերել։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, հունիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հույս ունի, որ Երևանն ու Մոսկվան գազի գնի հարցում լեզու կգտնեն։
Երևանն ու Մոսկվան գազի շուրջ համաձայնության կգա՞ն. փորձագետը՝ հիմնական խոչընդոտների մասին
2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Իսկ բնակչության համար սակագինը նույնն է մնացել ընկերության ծախսերի կրճատման հաշվին։ Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիան» հիմա անձնակազմի կրճատման ու ծախսերի օպտիմալացման հարցեր է քննարկում։ Հակառակ դեպքում սպառողների համար սակագնի պահպանումը կարող է հսկայական պարտքերի հասցնել ընկերությանը։
Հայաստանում վառելիքն ամեն տարի կթանկանա, բարձր աշխատավարձ ստացողներն էլ ավելի շատ կստանան
«Գազպրոմ Արմենիան», որը 100%–ով պատկանում է ռուսաստանյան «Գազպրոմին», գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկային։