Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով մայրաքաղաքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու համար Երևանի ավագանու երեկվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, համոզմունք է հայտնել «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Պողոս Շահինյանը։ Ի թիվս այլ գործողությունների, քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկել է մայրաքաղաքի փողոցներում ավտոտրանսպորտային միջոցների համար նախատեսված առավելագույն արագությունը սահմանել 50 կիլոմետր ժամ՝ գործող 60-ի փոխարեն։
«Առավելագույն արագության նվազեցումը միանշանակ արդյունք կտա, քանի որ դրա հիմքում ընկած են միջազգային փորձը և ուսումնասիրությունները, որոնք փաստում են, որ 10 կմ/ժամ-ով արագության նվազեցումը 30-ից 40 տոկոսով նվազեցնում է վթարի ժամանակ ծանր վնասվածքներն ու մահացության դեպքերը»,-վստահեցնում է Պողոս Շահինյանը։
Ըստ Շահինյանի, եթե այդ ժամանակ վարորդը և ուղևորները նաև ամրակապված լինեն, ապա հնարավոր է բացառել վնասվածքներն ու մահացության դեպքերը։
«Ճանապարհային երթևեկության անվտանգությունը պայմանավորված է ոչ միայն լավ վարորդով ու սարքին տրանսպորտային միջոցով, այլև լավ կահավորված ճանապարհներով, եթե նշված երեք բաղադրիչներից մեկը պակասում է, ապա չի կարելի խոսել անվտանգ երթևեկության մասին»,-համոզված է մասնագետը։
Նրա խոսքով`այդ դեպքում անգամ առավելագույն արագության նվազեցումը չի փրկի վթարներից ու դրանցից բխող հետևանքներից։
Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ են համալիր լուծումներ, այդ թվում՝ հետիոտնային անցումների լուսավորում, կարգավորվող անցումների կահավորում, վերգետնյա և ստորգետնյա անցումների ավելացում, երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության խստացում, առավելագույն թույլատրված արագության նվազեցում և այլն։