Երևանի քաղաքապետարանը քննարկում է մանկապարտեզներում երկարօրյան վճարովի դարձնելու հարցը

Երևանում մանկապարտեզները վճարովի չեն դառնում, խոսքը երկարօրյա, ընտրովի և հավելյալ ծառայության մասին է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն այս պահին քննարկում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը։ Այս մասին Facebook-ում գրել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը: Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավելի մնա մանկապարտեզում: Հիմա հաշվարկային փուլում ենք և շուտով հստակ կարող ենք ասել՝ ինչ կարժենա այս ծառայությունը»,–գրել է նա։

Կուբատյանը տարընթերցումներից խուսափելու համար նշել է, որ Երևանում մանկապարտեզները վճարովի չեն դառնում, խոսքը՝ երկարօրյա, ընտրովի և հավելյալ ծառայության մասին է:

Գրառման մեկնաբանությունների մեջ նա տեղեկացրել է նաև, որ ի սկզբանե եղել են որոշ մանկապարտեզներ, որտեղ այդ ծառայությունը նախատեսված է եղել, հետևաբար, այդ մանկապարտեզներում կա լրացուցիչ հաստիք և ֆինանսավորում։ «Այս քայլն արվում է, որպեսզի բոլոր մանկապարտեզներում հնարավոր լինի ներդնել այս ծառայությունը»,–գրել է Կուբատյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Երևանում 8000 երեխա սպասում է մանկապարտեզների իրենց հերթին։