«Լուսավոր Հայաստանի» համար Քոչարյանի գործն առաջնային նշանակություն չունի

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացքող քրեական հետապնդումը բացառապես իրավական գործընթաց է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության համար առաջնային նշանակություն չունի: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ  հանդիպման ընթացքում ասաց խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը:

Քոչարյանի քրեական գործում ոչ մի քաղաքական հետապնդում չկա. «Իմ քայլի» պատգամավոր

«Քոչարյանի նկատմամբ ընթանում է դատավարական պրոցես, մենք հետևում ենք այդ պրոցեսներին: Ինչպես դատարանը որոշում է, այնպես էլ իրադարձությունները զարգանում են: Այսինքն` սա զուտ դատավարական գործընթաց է, և մեզ համար այս գործընթացը որևէ առաջնային նշանակություն չունի»,-ասաց նա` արձագանքելով Քոչարյանին դարձյալ կալանավորելու մասին դատարանի որոշման մասին լրագրողների հարցերին:

Քոչարյանի ոչ կալանավորման, ոչ էլ ընդհանուր քրեական գործի մեջ «Լուսավոր Հայաստանը», Անի Սամսոնյանի տեղեկացմամբ, քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում:

«Այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է»,- ասաց Սամսոնյանը:

Հիշեցնենք, հունիսի 25-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել։

ԲՀԿ-ն Քոչարյանի գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Մինչ այդ Քոչարյանը շուրջ 1 ամիս ազատության մեջ էր։ Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը նրան կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։ Մայիսի 16-ին Արցախի նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։ Մայիսի 18–ին Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նորք վարչական շրջանների դատարանը` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել:

Վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին որոշում կայացրեց նաև Սահմանադրական դատարան դիմելու, Քոչարյանի գործով վարույթը կասեցնելու, ինչպես նաև դատական գործը դարձյալ Ընդհանուր իրավասության  դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին:

Այս իշխանությունից մենք սպասում ենք ցանկացած ապօրինություն. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Ռոբերտ Քոչարյանը հունիսի 25-ին կալանավայր ներկայանալով, մուտքի մոտ լրագրողներին հայտարարեց, որ Հայաստանում ոչ օրենք կա և ոչ էլ օրինականություն: