Հայաստանը մտադիր է դեսպանատուն բացել Իսրայելում. հարցը ոչ թե «երբն» է, այլ «որտեղը»

Ներկայացուցչության բացումը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների աշխուժացման համար։ Ցինկերը չի բացառում, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելուց հետո նման քայլի կդիմի նաև պաշտոնական Թել Ավիվը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Իսրայելում Հայաստանի դեսպանատուն կարող է բացվել մինչև տարեվերջ։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան–Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։

Իրավիճակն այնպիսին է, որ լուցկու մեկ հատիկից կարող է հսկայական պայթյուն լինել. Պետրոսյան

Դեսպանատուն բացելու հարցը քննարկվել է 2019 թվականի մարտին` Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ։ Պատվիրակության կազմում էին նաև Իսրայելում Հայաստանի ոչ ռեզիդենտ դեսպան Արմեն Սմբատյանը և Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։ Նրանք հանդիպում էին ունեցել ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքս Բեն Ցվիի հետ։

«Հայաստանը մտադիր է դեսպանատուն բացել Իսրայելում մինչև 2019 թվականի վերջ։ Այս մասին ինձ հայտնեց դեսպան Սմբատյանը», – ասաց Ցինկերը։

Նա ընդգծեց, որ ներկայացուցչության բացումը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների աշխուժացման համար։ Ցինկերը չբացառեց, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելուց հետո նման քայլի կդիմի նաև պաշտոնական Թել Ավիվը` իր ներկայացուցչությունը բացելով Հայաստանում։

Իսրայելական կողմին հետաքրքրում է, որտեղ է տեսականորեն Հայաստանն իր դեսպանատունը բացելու։ Ցինկերի խոսքով` տրամաբանական կլիներ տեղակայել այն Արևմտյան Երուսաղեմում` հայկական թաղամասին մոտ։

Երևանի ՏՏ կոնգրեսին կմասնակցեն իսրայելական ընկերություններ. Փաշինյանը հանդիպել է Ահարոնին

«Եթե դեսպանատունը որոշեն բացել Երուսաղեմում, դա լուրջ մեսիջ կդառնա Իսրայելի ղեկավարության համար, և դա չգնահատված չի մնա», – ասաց Ցինկերը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 14-ին Երուսաղեմում պաշտոնապես բացվեց Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը։  Այդպիսով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարեց` Թել Ավիվից Երուսաղեմ դիվանագիտական ներկայացուցչությունը տեղափոխել  մասին 2017 թվականի դեկտեմբերին տված խոստումը։

Միևնույն ժամանակ, այն ժամանակ Թրամփի որոշումը սուր քննադատության էր արժանացել ամբողջ աշխարհում։ ՄԱԿ ԳՎ–ն 2017 թվականի դեկտեմբերի 21-ի հատուկ քվեարկության ժամանակ 128 ձայնով դատապարտեց այդ որոշումը։ Վաշինգտոնին աջակցեց ընդամենը 7 երկիր` Հոնդուրասը, Գվատեմալան, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն, Պալաուն և Տոգոն։

Սակայն Թրամփի որոշումը և դեսպանատան տեղափոխումը նախադեպ դարձավ։

Այնպես որ այդ համատեքստում դեսպանատան հավանական տեղակայման հարցը իսկապես պակաս կարևոր չէ։

Իրանը վախենում է Ռուսաստանի չեզոքությունից. ո՞րն է Հայաստանի կարևոր դերն այս ամենում

Ցինկերը նաև հիշեցրեց, որ հուլիսի 7-ին իրենց հավատարմագրերը կհանձնեն Հայաստանում Իսրայելի ոչ ռեզիդենտ արտակարգ և լիազոր նոր դեսպան Էլի Բելոցերկովսկուն, որն այդ պաշտոնում կփոխարինի Էլիյախու Երուշալմինին։

Ցինկերի խոսքով` Բելոցերկովսկին քաջածանոթ է հետխորհրդային տարածքի երկրների մենթալիտետին, և ավելի վաղ արդեն եղել է Ուկրաինայում Իսրայելի դեսպան։

Հիշեցնենք, որ դեսպանատների բացման հարցը բազմիցս բարձրացվել է Իսրայելի և Հայաստանի ներկայացուցիչների կողմից։ Իսրայելի համար տարբեր երկրներում դիվանագիտական ներկայացուցչություն բացելը` ինքնանպատակ չէ։ Այդ հարցում երկիրը երկու գործոն է հաշվի առնում` նշված երկրում մեծ հրեական համայնքի առկայություն և ակտիվ փոխգործակցություն տնտեսական ոլորտում։ Այդ պատճառով, ինչպես ավելի վաղ Sputnik  Արմենիայի համար պարզաբանել էր Ցինկերը,  Հայաստանում դեսպանատուն բացելու հարցը մանրակրկիտ քննարկում է պահանջում, թեև Իսրայելի համար դա պակաս կարևոր չէ։