Վահե Գրիգորյանն արջի ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին. «Իրատես»

Թերթը գրում է, որ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում զիջել աթոռը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՍԴ դատավոր, իրեն նաև նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն արջի ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին գրում է «Իրատես» թերթը։

«Նրա հայտնի հայտարարությունից հետո այս օրերին նախկին իշխանությունների քնած ու արթուն բոլոր ներկայացուցիչները, իրավական դաշտի «չեզոքները» ոտքի են ելել։ Անշուշտ, Նիկոլ Փաշինյանի սրտով է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելը, բայց ամեն ինչ խելամտության սահմաններում պետք է տեղավորվի»,– նշված է հոդվածում։

Թերթը նշում է` իրազեկների համոզմամբ՝ որքան էլ Վահե Գրիգորյանն իր մասնագիտական, Փաշինյանն էլ ժողովրդին համոզելու ու ՍԴ-ն շրջափակելու ունակությունները գործի դնեն, Հրայր Թովմասյանին չեն կարողանալու տեղից շարժել։ Վերջինս չի պատրաստվում աթոռը զիջել և, գործող Սահմանադրությանը հղում անելով, մտադիր է ձեռնոց նետել ինքնահռչակ նախագահին:

Հիշեցնենք` հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս է Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը: