Շիրակի մարզպետարանի ծառայողական մեքենաների շարժն ու վառելիքը կվերահսկեն նոր մեխանիզմով

Տիգրան Պետրոսյանը պարզել է, որ նախկինում մեքենաների շարժը չի վերահսկվել, իսկ նոր մեխանիզմը կօգնի հասկանալ, թե քանի մեքենա է մնալու մարզպետարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արմենուհի Մխոյան.Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարգադրել է վերահսկել ծառայողական մեքենաների շարժն ու վառելիք չափաքանակը։ Մարզպետը համարում է, որ այս կարգադրության մեջ արտասովոր ոչինչ չկա։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիային։

«Սովորական գործընթաց է։ Քանի որ առջևում վերակազմակերպման ընդհանուր պրոցես է լինելու, և մեքենաների մի մասից հրաժարվելու ենք, պետք է հասկանանք, թե մնացած մեքենաներն ինչ ռեժիմով են աշխատելու, դրա համար որոշեցինք մի տեխնիկական մեխանիզմ ունենալ` մեքենաները ընթացքը, վառելիքի ծախսը հասկանալու համար: Հենց սրանից էլ պարզ կդառնա` քանի մեքենա է մնալու մարզպետարանում»,– ասաց նա:

Նշենք, որ ծառայողական մեքենաների վարորդները, ըստ նոր որոշման, առավոտյան երթուղային թերթիկներում լրացնելու են կայանատեղից ավտոմեքենայի դուրս գալու օրը, ժամը և ցուցիչի վրա առկա վազքը, երեկոյան կայանատեղի վերադառնալու օրը, ժամը և ցուցիչի վրա առկա վազքը, օրվա ընթացքում կատարած երթուղին և վառելիքի քանակը: Ծառայողական ավտոմեքենաների երթուղային թերթիկների ամենօրյա լրացման ամփոփ տվյալները ամսվա կտրվածքով ներկայացվելու է Շիրակի մարզպետին:

Շիրակի մարզպետարանի ծառայողական մեքենաների շարժն ու վառելիքը կվերահսկեն նոր մեխանիզմով

 

Մարզպետից հետաքրքրվեցինք՝ նման կարգ նախկինում եղե՞լ է:

«Ես փորձեցի հստակեցնել թե մինչ այս մեքենաների շարժն ինչ մեխանիզմով է իրականացվել, ինձ ասեցին, որ չկա, իսկ եղած թղթային տեղեկատվությունը բավարար չէր, դրա համար էլ որոշեցինք այս մեխանիզմով ճշտել: Թե քանի մեքենա է ի վերջո մնալու մարզպետարանին, կորոշվի նաև այս ուսումնասիրություններից հետո՝ քննարկման արդյունքում»,– ասաց նա:

Ինչ վերաբերում է նախկինում ծառայողական մեքենաները սեփական նպատակներին ծառայեցնելու խոսակցություններին, ապա Պետրոսյանը չցանկացավ որևէ գնահատական տալ։

Գյումրու բարբառով տոպրակներ. պատանիները պոլիէթիլենի դեմ պայքարի իրենց տարբերակն են գտել

«Եկեք գնահատական չտանք, մենք այս պահին անում ենք այն, ինչը մեզ անհրաժեշտ է հասկանալու համար մեր հետագա անելիքը»,- ասաց մարզպետը:

Հավելենք, այս պահին Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ կա 6 ծառայողական ավտոմեքենա (1999-2010 թվականների արտադրության):

Սատանան մանրուքներում է. ինչու են Գյումրու գլխավոր եկեղեցին անվանում «Յոթ վերք»