ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը վստահեցնում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն իրականության հետ կապ չունի։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիային ներկայացրեց ադրբեջանցի դիվանագետի հայտարարության վերաբերյալ մեկնաբանությունը։
«Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը»– նշված է Նաղդալյանի մեկնաբանության մեջ:
ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցնում է, որ դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր:
«Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները»,– նշում է Նաղդալյանը:
Ըստ ԱԳՆ–ի` այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը:
Հիշեցնենք` Մամեդյարովը երեկ Բաքվում ասել է, որ իր և ՀՀ արտգործնախարարի վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կողմերին նոր փաստաթղթեր են ներկայացրել, որոնց վրա աշխատելու են 2-3 ամիս։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայացել է հունիսի 20-ին։
Հանդիպումից առաջ ՀՀ ԱԳՆ հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։ Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։
Մնացականյանն ու Մամեդյարովը վաշինգտոնյան բանակցությունների առաջ հանդիպել էին մայիսի 13-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։