Իրականում ԵԽԽՎ-ում Ռուսաստանին դեմ չեմ քվեարկել. Ռուբեն Ռուբինյանի մեկնաբանությունը

Տեխնիկական պատճառներով Ռուբինյանի քվեարկությունը ոչ թե կողմ, այլ դեմ է համարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 Հունիս — Sputnik. Երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Կսկսենք աշխատել Ռուսաստանի հայերի հետ. Սփյուռքի գործերի հանձնակատարը գործուղման է մեկնում

Նշենք, որ հունիսի 24–ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քվեարկությանը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել բանաձևին, որը հնարավորություն է տալիս Ռուսաստանին վերադառնալ ԵԽԽՎ:

Մինչդեռ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկածների ցանկում էր:

«Իմ քայլը» դաշինքի մյուս անդամները` Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը ու Սոս Ավետիսյանը չեն մասնակցել քվեարկությանը:

Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը վարման կարգով հայտարարել է, որ քվեարկության ժամանակ թյուրիմացություն է տեղի ունեցել, ինքը դեմ չի քվեարկել: Նախագահողը տեղեկացրել է, որ քվեարկությունն ավարտվել է և այլևս հնարավոր չէ փոփոխություն:

Յոլյանը հրաժարական չի տա. նա խոսեց իր բիզնեսների և ՀՀ նախագահների հետ շփումների մասին

Այսօր Ռուբեն Ռուբինյանը Facebook-ի իր էջում ԵԽԽՎ–ի ռուսական պատվիրակության ղեկավարի հետ լուսանկար է հրապարակել և գրել.

«Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։

Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»,–գրել է Ռուբինյանը։

Հիշեցնենք` ԵԽԽՎ–ում Ռուսաստանը ձայնի իրավունքից զրկվել էր 2014թ.-ին, Ղրիմն Ռուսաստանին միացնելուց և Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո։