ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ամենատիտղոսակիր բռնցքամարտիկը, Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն ու նույն տարով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Եվրոպական երկրորդ խաղերում:
Մենամարտի ընթացքում երևաց Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկի բարձր կարգը. նրա արագ ու կոորդինացված գործողություններին չկարողացավ դիմանալ իռլանդացի Ջեյմս Մքգիվերնը:
Կողային բոլոր մրցավարները հաղթանակը շնորհեցին Բաչկովին՝ 5:0 հաշվով: Քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատարը մրցելու է հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսի հետ:
Մրցաշարի նույն փուլում հանդես գալու իրավունք վաստակեց նաև 60կգ քաշային Կարեն Տոնականյանը, որը նույնպես վստահ ու մրցավարների միաձայն որոշմամբ 5:0 հաշվով հաղթեց իր մրցակցին՝ իսպանացի Քրիստիան Վասկեսին, և Եվրոպական երրորդ խաղերի մեդալի համար կպայքարի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Կալում Ֆրենչի հետ:
Իր թիմակիցներից հետ չմնաց նաև 81կգ քաշային Գոռ Ներսիսյանը, որը վստահ հաղթանակի հասավ մոլդավացի Անդրեյ Չիրյակովի նկատմամբ ու կիսաեզրափակիչ դուրս գալու համար ռինգ է դուրս գալու թուրք Բայրամ Մալկանի դեմ:
Հավելենք, որ քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել նաև Անուշ Գրիգորյանը (51կգ), Բարեղամ Հարությունյանը(52կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):