ՀՀ–ն օդային հաղորդակցությունն արդյունավետ կազմակերպելու կարևոր դեր ունի. Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանը կարծում է, որ մեր օդային հաղորդակցության դերակատարությունը պետք է բխի ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի ընդհանուր շահերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Աշխարհաքաղաքական և գլոբալ շուկաների զարգացումների համատեքստում Հայաստանն ունի օդային հաղորդակցությունն արդյունավետ կազմակերպելու կարևոր դերակատարություն։ Այս մասին այսօր ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Մեր օդային հաղորդակցության դերակատարությունը պետք է բխի ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի ընդհանուր շահերից»,–ասել է նա։

Նախարարի խոսքով` հարևան պետությունների հետ ոլորտի զարգացմանն ուղղված փոխլրացնող քաղաքականության մշակումը հնարավորություն կտա արդիականացնել ավիացիոն ենթակառուցվածքները, բարձրացնել ՀՀ զբոսաշրջային գրավչությունն ու խթանել տնտեսական ակտիվությունը։

Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ 

Կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը մանրամասներ է հաղորդել երեկ` հունիսի 24-ին, ՀՀ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից։ Մասնավորապես, նշվել է, որ օրակարգում եղել են ռուս-վրացական օդային փոխադրումների ոլորտում ստեղծված ներկայիս իրավիճակը, Հայաստանի տարածքով ուղևորահոսքերի սպասարկման, չվերթների ավելացման հնարավորությունները։