ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Շիրակի մարզի գյուղական համայնքներին: Հունիսի 24-ին, 15:30-ի սահմանում ավելի քան 25 րոպե տևած կարկտահարության հետևանքով տուժել են մարզի համայնքներից 12–ը, հիմնականում` Արթիկի և Ախուրյանի տարածաշրջանում: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը։
«Հիմնականում տուժել են հացահատիկի և կարտոֆիլի ցանքատարածություններն ու բանջարաբոստանային կուլտուրաները»,– ասաց նա:
Այս պահին դեռ հայտնի չէ վնասի չափը։ Գյուղերից ստացած ահազանգերից հետո Շիրակի փոխմարզպետն ու գյուղատնտեսության վարչության պետը եղել են համայնքներում, բայց վնասի չափը կարող են հստակեցնել միայն հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո:
«Օրինակ` Բենիամինում ամբողջովին տուժել են բանջարաբոստանային կուլտուրաների սածիլները։ Արտաքուստ վնասը չի երևում, վաղն ավելի ակնհայտ կլինի։ Այս պահին դաշտ մտնել հնարավոր չէ ո՛չ ոտքով, ո՛չ մեքենայով: Կարկուտի տրամագիծը որոշ տեղերում 4-5 սմ է եղել»,- ասաց նա։
Ամենաշատ տուժած համայնքներից մեկը Հոռոմն է: Համայնքի ղեկավար Աշոտ Պասկևիչյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենց մոտ տուժել են ինչպես հացահատիկի և կորնգանի ցանքատարածությունները, այնպես էլ տնամերձ այգիները:
«Մեր համայնքի վարելահողերն ու համայնքապատկան տարածքը տնամերձներով 1600 հա է, ամբողջ տարածքում էլ կարկուտ է եկել ու վնասել: Մինչև հիմա քաղել էինք կորնգանի ու հացահատիկի մոտ 10 տոկոսը, մնացածը դեռ դաշտերում էր: Բացի հացահատիկից, կարտոֆիլի դաշտերն ու տնամերձ հողատարածքներն էլ են տուժել»,- ասաց նա։
Սարատակ գյուղի բնակիչ Սաթենիկ Թորոսյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հողին են հավասարվել կարտոֆիլի, ելակի, վարունգի, պոմիդորի բոլոր սածիլները, վնասվել են նաև ծառերը:
«Վնասվածը նույնիսկ անասնակեր չենք կարող օգտագործել: Էլ ո՞րն ասեմ, բոլորը վնասվել է: Մեր 2 ամսվա չարչարանքը հողին հավասարեցրեց։ Այսքանից միայն հնարավոր է կարտոֆիլը վերականգնել: Չեմ կարող ասել, թե ինչքան ենք ծախսել ու ինչքան ենք տուժել »,- ավելացրեց նա:
Մարզպետարանի հատուկ հանձնաժողովները վաղվանից կուսումնասիրեն կարկուտից տուժած համայնքները: Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն ՀՀ կառավարությանը: