ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Շտապօգնության մեքենայով երեկ` հունիսի 23-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Ջրվեժում ապրող 66-ամյա մի տղամարդ։ Նրա կրծքավանդակին դանակ է խրված եղել։
Մեր տեղեկություններով՝ տղամարդուն այդ վիճակում գտել է կինը։ Վերջինիս կանչերին զուգարան մտած ամուսինը չի արձագանքել, ուստի կինը բացել է զուգարանի դուռն ու տեսել արնաշաղախ ամուսնուն, դանակը՝ կրծքավանդակում խրված։
Կինն անմիջապես ահազանգել է 1-03։ Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է, բայց կատարվածի հանգամանքների վերաբերյալ ի վիճակի չի եղել ոչինչ ասելու։
Ինքնասպանության փորձ է եղել տեղի ունեցածը, թե այլ բան, կպարզեն իրավապահները։