ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Համացանցի հայկական տիրույթում իսկական խառնաշփոթ է, և ամեն մեկն իրեն լրատվամիջոց է համարում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
«Հայկական ցանցային լրատվական դաշտում տոտալ բարդակ է։ Այսօր Facebook–ում պոտենցիալ 2 մլն հայ կա, ու նրանցից ամեն մեկը դարձել է փոքրիկ ԶԼՄ, որոնք կարողանում են ինչ–որ տեղեկատվություն տրամադրել»,-նշեց նա։
Քոչարյանի խոսքով` ընթերցողների մեծամասնությունը ուշադրություն չի դարձնում, թե որ կայքն է կարդում, անգամ «պուպսիկ.ռու» կայքը կարող է իր ֆեյսբուքյան էջով լավ ալիք ստեղծել ու առաջինը մատուցել տեղեկատվությունը։ Մեդիափորձագետի գնահատմամբ` Facebook–ում էլ բավականին շատ են տարբեր անուններով, դոմեյններով կայքերը, որտեղ հիմնականում ապատեղեկատվություն է՝ գումար աշխատելու մոլուցքով դրված։
«Մեր լրատվական դաշտն ամբողջությամբ դարձել է անպատասխանատու, և որևէ գործիք, որը կարողանար զսպել մարդկանց, չկա։ Մեդիան փոխվում է, քանի որ, օրինակ, եթե ժամանակին ասում էինք զանգվածային լրատվական միջոց, հիմա մեդիան դառնում է զանգվածային կոմունիկացիայի միջոց»,–ասաց նա։
Նրա խոսքով` մարդիկ հիմա բոլոր հնարավոր ուղղություններով տեղեկությունն ուղարկում են ընթերցողին, և շահում է այն լրատվամիջոցը, որն առաջինն է մատուցում տեղեկությունը։
Այս ամենը, մեդիափորձագետի գնահատմամբ, այնքանով է վտանգավոր, որ Հայաստանը, ամեն դեպքում, Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական վիճակում, Թուրքայի հետ` սառը պատերազմում։ Այսինքն` տարածաշրջանային խնդիրներ են առաջանում, որոնց պետք է շատ ճիշտ արձագանքել։
Քոչարյանը նշեց նաև, որ ֆեյքային բանակն անընդհատ փուչ օրակարգեր է ձևավորվում՝ ժողովրդին զբաղեցնող, շեղող։ Իսկ ֆեյքերի դեմ, ըստ նրա, դեմ շատ բարդ է պայքարել։
Հիշեցնենք` ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ֆեյքերի դեմ պետք է պայքարել։ Նա նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հստակ քայլեր անի տեղեկատվական անվտանգության ամրապնդման ուղղությամբ