Երևանն ու Բաքուն 2–3 ամիս աշխատելու են Ղարաբաղի վերաբերյալ նոր փաստաթղթերի վրա. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է` երբ կարող է կայանալ հերթական հանդիպումը հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը երկու–երեք ամիս աշխատելու են նոր փաստաթղթերի վրա, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները ներկայացրել են Վաշինգտոնում։ Այս մասին այսօր, ռուսական ԶԼՄ–ների փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Նրա խոսքով` այդ ժամկետը լրանալուն պես Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով նոր հանդիպում է նախատեսվում։

Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հետո ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել

«Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորմանը վերաբերող նոր փաստաթղթեր էին մեզ ներկայացրել։ Մենք պայմանավորվեցինք երկու-երեք ամսվա ընթացքում աշխատել այդ փաստաթղթերի վրա, որից հետո համանախագահներ հերթական հանդիպման օր կառաջարկեն (արդեն նախարարների մակարդակով)», – ասել է Մամեդյարովը։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կայացել է հունիսի 20–ին ԱՄՆ–ում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ավելի վաղ ափսոսանքով արձանագրելով վերջին կորուստները, կոչ էին արել կողմերին ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։

Մամուլի համար մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած բանակցությունները` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ հանդիպումից անմիջապես առաջ տեղի ունեցած իրադարձությունները (երկու կողմերից զոհերի հանգեցրեց հրադադարի ռեժիմի խախտումը – խմբ.) իրենց բացասական ազդեցությունն են ունեցել դրանց բնույթի վրա։

Մնացականյանն ու Բոլտոնը հանդիպել են. արտգործնախարարը գոհ է հանդիպումից. լուսանկարներ

Այնուամենայնիվ, Մնացականյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Մամեդյարովն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «լուրջ տարաձայնություններ ունեն» և ընդգծել է, որ, այդուամենայնիվ, Մնացականյանի հետ բանակցութունները «ինտենսիվ ու խորն էին»։

Հիշեցնենք` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունները ԵԱՀԿ–ի Մինսկի խմբի (համանախագահներն են` Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան) շրջանակում իրականացվում են 1992 թվականից։