ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Ազատ ոճայինները բավականին վերելքով են հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում: Մեր հավաքականի կազմում հին աշխարհամասի փոխչեմպիոնի կոչումն արդեն նվաճել է Հովհաննես Հարությունյանը, որը 48կգ քաշային կարգում հասավ եզրափակիչ, բայց դրամատիկ պայքարում 6:7 հաշվով պարտվեց հյուսիսմակեդոնացի Բեսիր Ալիլին:
60կգ քաշային կարգում Գենիկ Ասատյանը մինչև եզրափակիչը երեք անընդմեջ հաղթանակ տոնեց 10:1 հաշվով հաղթելով վրացի Դավիդ Աբդալաձեյին, ապա 15:2 հաշվով իր առավելությունը դրսևորեց բելառուս Անատոլի Գրոմիկայի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ասատրյանը դժվարին գոտեմարտում 4:3 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Խարչիլավային: Իսկ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցն է լինելու Ադրբեջանը ներկայացնող Սաբիր Ջաֆարովը:
Լյովա Գևորգյանը իր ելույթները Եվրոպայի առաջնությունում սկսեց որակավորման փուլից, որտեղ 4:0 հաշվով հաղթանակի հասավ Ադրբեջանը ներկայացնող Սագադուլա Աղաևի նկատմամբ:
1/8 եզրափակիչում Գևորգյանը բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով հաղթեց իսրայելցի Գկիվի Բլիատզեյին, իսկ քառորդ եզրափակիչում Գևորգյանի հնարքներին չդիմացավ բելառուս Իվան Կարամֆիլկովը՝ 11:0:
Կիսաեզրափակիչում էլ հայ ըմբիշը ոչ մի շանս չթողեց հյուսիսմակեդոնացի Ռեջեփ Հայդարին, հաղթելով նորից բացահայտ առավելությամբ՝ 10:0: Եզրափակիչում Գևորգյանի մրցակիցն է լինելու Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Կարտոևը: