Մեկ ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ. Լյովա Գևորգյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայ երկու ըմբիշներ այսօր պայքարեցին Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Լյովա Գևորգյանը հաղթանակի հասավ, իսկ Գենիկ Ասատրյանը պարտվեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Լյովա Գևորգյանը իր ելույթները Եվրոպայի պատանեկան առաջնությունում սկսեց որակավորման փուլից, որում 4:0 հաշվով հաղթանակի հասավ Ադրբեջանը ներկայացնող Սագադուլա Աղաևի նկատմամբ: Մյուս երեք գոտեմարտերում Գևորգյանը հաղթանակի հասավ բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով հաղթելով իսրայելցի Գկիվի Բլիազեյին և հյուսիսմակեդոնացի Ռեջեփ Հայարդիին: Իսկ բելառուս Իվան Կարամֆիլկովին հայ ըմբիշը հաղթեց 11:0 հաշվով:

Տիգրան Կիրակոսյանը Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն է. տեսանյութ

Եզրափակիչում մրցակիցը ռուսաստանցի Իսլամ Կարտոևն էր: Առաջին միավորները վաստակեց Կարտոևը և առջևում էր 2:0 հաշվով: Սակայն հայ ըմբիշը բեկեց գոտեմարտի ընթացքն ու հաղթանակի հասավ 6:3 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Մինչև եզրափակիչ հասնելը երեք տպավորիչ հաղթանակներից հետո 60կգ քաշային կարգում Գենիկ Ասատրյանը չկարողացավ եզրափակիչում օգտագործել իր ամբողջ ներուժը: Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովի հետ գոտեմարտում հայ ըմբիշը փորձեց հնարք կիրառել ու անզգուշություն դրսևորեց և մեկ ակնթարթում վեց միավորով հետ ընկավ: Մնացած ժամանակահատվածում Ասատրյանին հաջողվեց միայն մեկ միավոր վաստակել. 1:6 հաշվով պարտվելով՝ Գենիկ Ասատրյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Ասատրյանից հետո մրցագորգ դուրս եկավ Մենուա Յարիմբեկյանը, որը 71կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտեց մոլդովացի Լիլիան Բալանի հետ: Հայ ըմբիշը կարողացավ հաղթանակի հասնել 6:4 հաշվով ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Այսպիսով` ազատ ոճի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ: