Դեղձեր էլիտար բնակարանների փոխարեն․ Հայաստանում նոր տեսակի այգիներ կտնկեն

Արմավիրի մարզի Շենիկ գյուղում տնկված այգիները դրական օրինակ կծառայեն պոտենցիալ ներդրողների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. «Սպայկա» ընկերությունը Հայաստանում կստեղծի նոր ինտենսիվ այգիներ՝ մոտ 500 հեկտար տարածքով։ Այդ մասին ընկերության նախագծերի գծով մենեջեր Կարեն Բաղդասարյանը հայտնեց Sputnik Արմենիայի թղթակցին։

Ընկերությունը Հայաստանից արտահանում է միրգ և բանջարեղեն, իսկ մի քանի տարի առաջ որոշել է տնկել սեփական այգիները և հիմնել ջերմոցներ։

Ապագային ընդառաջ. Արտյոմ Օհանովը գերպինդ նյութ է ստեղծել նավթ և գազ արդյունահանելու համար

Այժմ ընկերության ղեկավարությունը Տավուշի մարզպետարանի հետ միասին հողատարածք է որոնում այգիների համար։ Այստեղ կտնկեն արտասահմանյան տեսակների կորիզավոր պտուղների (ծիրան, դեղձ․ սալոր) այգիներ։ Ընտրել են գաճաճ ծառեր․ դրանք ավելի արագ են սկսում բերք տալ։ Բացի այդ դրանց սաղարթը և արմատներն ավելի քիչ են։ Այսպիսով, մի հեկտարի վրա կարելի է ավելի շատ ծառեր տնկել։

Ընկերությունն արդեն ունի այդպիսի այգիներ․ ավելի քան մեկ միլիոն ծառեր Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Իտալական տեսակի կեռասի առաջին բերքն այստեղ կհավաքեն արդեն այս տարի․ տնկելուց երեք տարի հետո (սովորական ծառերն արդյունաբերական բերք են տալիս 5-6 տարի անց)։ Այս տարվա գարնանը այգիներն ընդլայնել են՝ տնկելով ևս 1 միլիոն 100 հազար ծառ։

Ինչպես նշեց Բաղդասարյանը, ընկերությունն այս օրինակով ցանկացել է ապացուցել, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումները չեն զիջում էլիտար անշարժ գույքում ներդրումներին։

«Շենիկ գյուղը գտնվում է Բաղրամյանի շրջանում, որը բավական չորային է։ Բայց մենք ճիշտ ենք կազմակերպել կաթիլային ոռոգումը, ծառերը նորմալ աճում են», - հավելեց նա։

«Յուղոտ» տագնապ. ինչպիսի՞ կաթնամթերք կուտենք 2019թ.–ի հուլիսից

Որքա՞ն գումար պետք է ունենալ նման այգիներ տնկելու համար։ Ամեն մեկը չէ, որ կարող է անել դա։

«Սպայկան» ելնում է նրանից, որ կաթիլային ոռոգմամբ և հակակարկտային ցանցերով ինտենսիվ այգու ստեղծումը մեկ հեկտարի համար արժե 50-60 հազար դոլար։ Ներդրումների համար նվազագույն լոտը կլինի 3-4 հեկտարը, այսինքն 200 դոլարից ոչ քիչ։ Միջոցների մի մասը կներդնի «Սպայկա» ընկերությունը։ Բացի այդ, ընկերությունը կպատրաստի անհրաժեշտ ենթակառուցվածքը և հոգ կտանի այգիների մասին։

Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանում կա ունևոր մարդկանց որոշակի օղակ, որոնք ուղղակի չգիտեն, թե ուր ներդնեն փողերը։ Նրանք բացում են սրճարան, ավտոլվացման կետ կամ ուղղակի գնում են հերթական բնակարանը Հյուսիսային պողոտայում։

«Հիմա մենք ուզում ենք նրանց ցույց տանք, որ Հայաստանում կան սեփական գործը սկսելու այլ միջոցներ։ Եվ գյուղատնտեսությունը վատ ընտրություն չէ։ Առավել ևս, որ այգիների մասին խնամքը մենք վերցնում ենք մեզ վրա։ Իսկ այն, որ մեզ մոտ դա ստացվում է, արդեն ցույց ենք տվել», - նշեց Բաղդասարյանը։

Նշենք, որ Հայաստանն ամեն տարի Ռուսաստան է արտահանում 50-60 միլիոն դոլարի միրգ և բանջարեղեն։