Ծանր գոտեմարտ էր. Մինսկում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Դավիթ Գրիգորյանը

Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիրը պատրաստվում է հաջորդ անգամ հաղթել Ռուսաստանի ներկայացուցչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Մինսկում ընթացող Եվրոպական խաղերումՀայաստանի առաջին մեդալը նվաճեց 82 կգ քաշային սամբիստ Դավիթ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Եզրափակիչում Գրիգորյանը 0։7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելնյուկին և արծաթ նվաճեց։

«Անհարմար մրցակից էր ինձ համար, ստացվեց ծանր գոտեմարտ։ Նրա հետ առաջին անգամ չեմ գոտեմարտում և միշտ էլ այսպես բարդ է լինում։ Ցույց տված արդյունքիցս գոհ եմ: Մինչև այս գոտեմարտը լավ եմ հանդես եկել և հաղթել եմ գործող աշխարհի չեմպիոնի։ Եզրափակիչում չստացվեց, բայց հաջորդ անգամ կհաղթեմ նրան»,- ասել է Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիրը։

Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով հաղթել էր իտալացի Միշելի Ալսիոյին։

Կիսաեզրափակիչում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բերուլավան էր, որի նկատմամբ հայ սամբիստը 1։0 հաշվով հաղթանակ էր տարել և դուրս եկել եզրափակիչ։

Ինչու է Հայաստանի հավաքականը լքել խաղահրապարակը. մարզիչը` սկանդալային հանդիպման մասին

Եվրոպական երկրորդ խաղերը մեկնարկել են հունիսի 21-ին և կավարտվեն ամսի 30-ին: