ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Armfashionday նախագծի ղեկավար Նաիրա Նիազյանը երեկ երեկոյան Երևանում հագուստի իր հավաքածուն (Zian ապրանքանիշ) ներկայացրեց նորաձևության սիրահարներին։
Նորաձևությունն ու հայերը. Հայաստանի դիզայներները ռուսական շուկա են դուրս եկել
Նաիրան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սեփական դիզայնով հագուստ ստեղծելու գաղափարը պատահական չէ: Ներկայացված նմուշների առանձնահատկությունն այն է, որ դրանք ստեղծվել են` հաշվի առնելով կովկասցի աղջիկների կազմվածքի առանձնահատկությունները:
«Ես ավելի քան յոթ տարի ցուցադրություններ եմ կազմակերպում: Հայ դիզայներները ստեղծում են շքեղ հավաքածուներ, բայց հաճախ հաշվի չեն առնում հայ կանանց և տղամարդկանց կազմվածքի առանձնահատկությունները: Ամուսնուս հետ որոշեցինք ստեղծել մի ապրանքանիշ, որն իր մեջ կներառի թե՛ սպորտային հագուստ, թե՛ երեկոյան զգեստներ, թե՛ այնպիսի հագուստ, որը կթաքցնի կազմվածքի թերությունները և կընդգծի առավելությունները», - ասաց նա:
Նաիրայի ամուսինը նկարիչ է, և նրանք միասին են մշակել կոճակների, ճարմանդների և շարֆերի համար նախատեսված նախշերը: Ներկայացված հագուստը մարդուն ավելի նիհար են ցույց տալիս բարձր գոտու և լայն ուսերի շնորհիվ:
«Բոլոր նմուշները պատրաստվում են որակյալ կտորից, օգտագործվում են թանկարժեք դետալներ, օրինակ` կոճակներն ու ճարմանդներն արծաթից են», - ասաց Նաիրան:
Սկսնակ դիզայներն առայժմ 13 լուք է ներկայացրել` համագործակցելով հայկական 3 ապրանքանիշի հետ, որոնք ակնոց, կոշիկ և պայուսակ են ստեղծում:
Նաիրայի խոսքով` եթե մարդկանց հետաքրքրի իր հավաքածուն, ապա ինքը պատրաստ է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը: