Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը որ դեպքում կչեղարկի Վրաստան մեկնելու արգելքը

Կրեմլում կարծում են` Վրաստանում այնպիսի իրավիճակ է, որ Ռուսաստանի քաղաքացիների` այնտեղ գտնվելն անվտանգ չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Վրաստանի ուղղությամբ ավիաչվերթերի իրականացնման արգելքը կարող է չեղարկվել միայն այն դեպքում, եթե երկրում իրավիճակը կարգավորվի։ РБК–ի հետ զրույցում այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վրաստանում պետք է նորմալ իրավիճակ լինի, և մեր քաղաքացիների անվտանգության համար ցանկացած վտանգ պետք է վերանա», – ասել է Պեսկովը։

Երեկ` հունիսի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազգային անվտանգությունն ապահովելու մասին հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն` հունիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է Ռուսաստանից Վրաստան չվերթեր իրականացնել։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել. ԶԼՄ

Միաժամանակ ռուսական զբոսաշրջային ընկերություններին և գործակալներին խորհուրդ է տրվել դադարեցնել քաղաքացիներին Վրաստան տանելու զբոսաշրջային առաջարկները։

Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի որոշումը, ասել է, որ սա հարկադրված միջոց է, և նպատակը ռուսաստանցիների անվտանգությունն ապահովելն է։

Հունիսի 20-ին Թբիլիսիում ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին էր հայտնվել ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքին դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին տուժել։

ՌԴ նախագահը կառավարությանը հանձնարարել է ապահովել Վրաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ռուսաստանցիների վերադարձը։