ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Սպառողական վարկերըՀայաստանում ավելի արագ են աճում, քան տնտեսությունն ընդհանուր առմամբ: Այսօր Դիլիջանում անցկացվող ներդրումային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Նրա խոսքով` 2019 թվականի առաջին ամիսներին հանրապետությունում ավելի շատ աճում են առևտուրն ու շինարարությունը, քան արդյունաբերությունը։
Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%–ով, այն դեպքում, երբ առևտուրն աճել է շուրջ 10%–ով, իսկ ծառայությունները` 17%–ով։
«Ես նախագիծ էի սկսել Իրանի սահմանին, իսկ իշխանությունն ամեն ինչ իմ դեմ շրջեց». հայ ներդրող
Բայց միևնույն ժամանակ աճում է սպառողական վարկավորումը։ 2019 թվականի առաջին ամիսներին աճել է մոտավորապես 30%–ով, թեև բնակչության աշխատավարձերը հինգ անգամ պակաս են աճում` ընդամենը 6%–ով։
«Տնտեսության մեջ այս անհավասարակշռությունը պետք է շտկել։ Քանի որ յուրաքանչյուր ներդրող առողջ մտավախություն ունի տնտեսության մեջ առկա ոչ կայուն վիճակի համար», – ավելացրեց նա։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող միջազգային համաժողովին մի քանի տասնյակ ներդրող է ժամանել (հիմնականում` Հայաստանից, սակայն կան նաև արտերկրից)։ Նման համաժողովները հերթով կազմակերպվում են ՀՀ յուրաքանչյուր մարզում։