Աբովյանի քաղաքապետը «պատասխան կտա՞» «I love Abovyan» ցուցանակի համար. «Ժամանակ»

Թերթը հայտնում է, որ Կոտայքի մարզպետը դատական հայցեր է ներկայացրել Աբովյանի քաղաքապետի դեմ, որոնցից մեկը վերաբերում է հայերենին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատական մի քանի հայց է ներկայացրել Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի դեմ: Դրանցից մեկը վերաբերում է «Լեզվի մասին» օրենքի խախտմանը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Աբովյան քաղաքի մուտքի մոտ տեղադրված է անգլերեն ցուցանակ՝ I love Abovyan: Խախտումը իսկապես սահմռկեցուցիչ է, և ցուցանակը պետք է օր առաջ հեռացվի»,– նշում է պարբերականը:

Sputnik Արմենիան դեռ մարտի 20-ին հայտնել էր, որ Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազություն և պահանջել է քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները և չեղարկել դրանց արդյունքները։

Մայիսի 6-ին էլ Կոտայքի մարզպետարանից տեղեկացրել էին, որ Աբովյանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Հունիսին Աբովյանում քաղաքապետի ընտրություն էր անցկացվել, որի արդյունքում հաղթել էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։