Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել. ԶԼՄ

Հրաժարականի մասին կհայտարարվի ավելի ուշ` ճեպազրույցի ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Imedinews հեռուստաընկերությունը` հղում անելով սեփական աղբյուրներին։

«Որոշումն ընդունվել է «Վրացական երազանք` դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցության քաղխորհրդի նիստում։ Ավելի ուշ հայտարարություն կարվի ճեպազրույցի ընթացքում», – նշված է հրապարակման մեջ։

Հրաժարականի մասին որոշումն ընդունվել է Վրաստանում հունիսի 20–ին տեղի ունեցած անկարգությունների ֆոնին։

Թբիլիսիում տեղի ունեցած սկանդալի պատճառ է դարձել Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Գավրիլովի ելույթը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում։

Վրաստանն ընդունել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանը, որը նախագահել է Գավրիլովը։ Ընդդիմադիրներին զայրացրել է այն, որ իշխանությունները թույլ են տվել երկիր մտնել և խորհրդարանում ելույթ ունենալ մարդու, որն աջակցել է Աբխազիայի անկախությանը և մասնակցել վրացիների դեմ ռազմական գործողություններին։ Իշխանությունը հայտարարել է վեհաժողովի կազմակերպիչների «արարողակարգային սխալի» մասին։