Սպորտային փառատոնը մեկնարկեց. ի՞նչ սպասել Հայաստանը ներկայացնող մարզիկներից

Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը կներկայացնեն 37 մարզիկ։ Sputnik Արմենիան զրուցել է մարզիչների հետ` հասկանալու համար, թե հայ մարզիկներն ինչ արդյունքների կարող են հասնել Մինսկում:
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Եվրոպական երկրորդ խաղերում մեր մարզիկներից ամենատիտղոսակիրը օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է, ֆավորիտների թվում է նաև Հայաստանի պատվիրակության դրոշակակիր՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, բայց Հայաստանը ներկայացնող բոլոր մարզիկներն էլ Մինսկ են մեկնել միայն մեկ նպատակով` հաղթելու։

Եվրոպական երկրորդ խաղերն անցկացվելու են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը:

Ըմբշամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնելու են ինը ըմբիշ: Հունահռոմեական ոճում` հինգը, ազատ ոճի ըմբշամարտում` չորսը:

«Անկեղծ ասած, մրցումներից առաջ հնարավոր չէ խոստանալ, որ ոսկե մեդալ կունենանք, բայց որ պայքարելու ենք այդ մեդալի համար մեր չորս ըմբիշներով էլ, դա կասկածից վեր է: Կան գործոններ, որոնք նպաստում են հաղթանակին, կա նաև հակառակը: Հուսով եմ մեր փորձառու ըմբիշներին կօգնեն լավ գործոնները»- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։

Հունահռոմեականների համար շատ լավ հնարավորություն է ևս մեկ անգամ մրցումային իրավիճակում գնահատել ըմբիշների իրական հնարավորությունները: Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը վնասվածքը ապաքինելուց հետո են մասնակցում խոշոր մրցաշարի: Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ է հանդես գալու 87 կգ քաշային կարգում։

Հայկական ակումբներից 3-ն ընդգրկվել են աշխարհի 1000 լավագույն ֆուտբոլային թիմերի ցանկում

«Մեր ըմբիշերը միշտ էլ նույն նպատակն են հետապնդում՝ հաղթանակ: Այս դեպքում կոնկրետ Արթուր Ալեքսանյանի համար շատ կարևոր մրցաշար է, քանի որ «սպիտակ արջը» մեդալների իր հարուստ հավաքածուում չունի Եվրոպական խաղերի չեմպիոնի մեդալը: Մյուսները նույնպես պատրաստ են հաղթել»,- նշեցին մամուլի ծառայությունից։

Բռնցքամարտում մեր թիմում և՛ տիտղոսակիր ու փորձառու, և՛ երիտասարդ մարզիկներ կան: Բնականաբար, Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն Հովհաննես Բաչկովից սպասելիքների մեծ են: Կանանց մրցումներում էլ մեր միակ ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը 51 կգ քաշային կարգում ֆավորիտներից մեկն է:

Սպորտային մարմնամարզությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ մեդալի իրական հավակնորդ են ու պատրաստ են արդյունքի հասնել։

«Մենք բավականին երկար ժամանակ է, ինչ պատրաստվել ենք այս մրցումներին: Մինսկ մեկնելուց առաջ էլ մարզվել ենք Թբիլիսիում: Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը կարող են ու պատրաստ են մեդալ վաստակել, բայց մրցակցությունը շատ մեծ է լինելու», - նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները

Սպասելիքներ կան, իհարկե, ձյուդոյի Եվրոպայի 2018 թվականի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանից, սամբոյի հավաքականից, որի կազմում է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը: Ձեռքի վանսվածքով է մրցումներին մասնակցելու հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, բայց մարզիչ Արմեն Գյոզալյանը նշում է, որ Էդգարը բնավորությամբ մարտիկ է ու ամեն ինչ կանի, որպեսզի մեդալ վաստակի այս մրցաշարում:

Թիավարությունում, բադմինտոնով և հրաձգային սպորտում հաղթանակի հասնելու մեր հավակնությունները մյուս մարզաձևերի համեմատ մեծ չեն, բայց այս ձևերում էլ հայ մարզիկները չեն մեկնել Մինսկ Եվրոպական խաղերին միայն մասնակցելու համար: Պայքարելու ցանկությունը կա մեր բոլոր՝ 37 մարզիկների մոտ, մնում է , որ հայ մարզիկների կողքին լինի նաև «նորին մեծություն բախտը»: