Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ է ընտրում

Վիգեն Քոչարյանի թեկնածությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամի պաշտոնում քննարկում է Վիգեն Քոչարյանի թեկնածությունը։

Լիլիթ Մակունցը` «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատգամավորներին ներկայացրեց Քոչարյանի կենսագրությունը։ Նա նշեց, որ թեկնածությունն ընտրվել է դատական համակարգում ապագա դատավորի պատրաստակամությունը հաշվի առնելով։

«Հաշվի են առնվել նաև չափանիշներն՝ արդյոք տվյալ թեկնածուն հակված է դատաիրավական բարեփոխումներին նպաստելուն։ Այս հանգամանքներով պայմանավորված՝ առանձնացրել ենք թեկնածուներին, որոնց հետ նախապես որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, դա է պատճառը, որ նրանք տեղյակ չեն լինում իրականում, որ մենք նկատի ենք ունեցել նրանց թեկնածությունը։ Չափազանց կարևոր է անաչառության սկզբունքը», - ասաց Մակունցը։

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշեց, որ երբեք ինչ–որ կուսակցության անդամ չի եղել։

ԱԺ պատգամավորի ավտոմեքենայի հայելին «թռցրել» են. լուսանկար

ԲԴԽ բոլոր անդամները հրաժարական են տալու. «Ժողովուրդ»

Վիգեն Քոչարյանը 2006թ–ից մինչև օրս Երևանի պետական համալսարանի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ է։ 2015 թ–ից արդարադատության փոխնախարար է, համակարգում է միջազգային իրավունքի շրջանակում համագործակցությունը։

Նա լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց ՍԴ նոր անդամ Վահե Գրիգորյանի սկանդալային հայտարարությունը` դա անտեղի համարելով։

Հունիսի 20–ին Հայաստանի խորհրդարանն ընտրել է ԲԴԽ ևս մեկ անդամի` Գրիգոր Բեքմեզյանին։

Ավելի վաղ հրաժարական էին տվել ԲԴԽ չորս դատավորները` Գագիկ Հարությունյանը (նախագահ), Արմեն Խաչատրյանը, Գևորգ Դանիելյանը և Սերգեյ Մեղրյանը։