Թուրքիան Ռուսաստանից կարող է գնել C-400-երի ևս մի քանի մարտկոց. պաշտոնաթող գեներալ

Թուրքիայի ՌՕՈՒ պաշտոնաթող գեներալը պատմել է այն քայլերի մասին, որոնց կարող է գնալ Անկարան, եթե ամերիկացիները շարունակեն Թուրքիայի նկատմամբ կիրառող քաղաքականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Թուրքիայի ռազմաօդային ուժերում ծառայած գեներալ-լեյտենանտ Էրդողան Քարաքուշը խոսել է վերջին շրջանում պաշտոնական Անկարայի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած ճնշումների մասին, հաղորդում է Еrmenihaber.am–ը։

Ներսիսյան.«С-400-ից հրաժարվելու դեպքում ռուս–թուրքական հարաբերությունները կսառեն»

Ամերիկյան ճնշումները պայմանավորված են ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման ռուս-թուրքական գործարքով:

Ամերիկացի պաշտոնյաները մի քանի անգամ արդեն զգուշացրել են, որ, եթե թուրքական կողմը ձեռք բերի այդ համակարգերը, ապա Վաշինգտոնը Թուրքիային չի մատակարարի նոր սերնդի F-35 կործանիչները։

Թուրք զինվորականը պնդել է, որ եթե ամերիկյան կողմից ճնշումները շարունակվեն, ապա Թուրքիան, ի պատասխան այդ ամենի, Ռուսաստանից կգնի S-400 ևս 10 մարտկոց, իսկ F-35- փոխարեն կգնի չինական կործանիչներ։

«Եթե ԱՄՆ-ի հետ կամուրջներն ամբողջովին վերացվեն, ապա Թուրքիան S-400-ների 4 մարտկոցի տեղը կունենա 10 մարտկոց։ Դրա հետ մեկտեղ Թուրքիան F-35-ների փոխարեն Չինաստանից կգնի կործանիչներ»,- ասել է Քարաքուշը։

Նրա խոսքով` դա էլ կնշանակի Չինաստանին ներգրավել այս տարածաշրջանում։