Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի կապակցությամբ Հայաստանում միջազգային փառատոն կանցկացվի

Մանսուրյանի ծննդյանը նվիրված միջազգային փառատոնի կազմակերպման համար կառավարությունը 50 միլիոն դրամ հատկացրեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված Հայաստանում երաժշտական միջազգային փառատոն կանցկացվի։ Դրա վերաբերյալ որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

Մաեստրո Մանսուրյանը լրագրողների համար նվագեց «Աշնան արևը»

Բակո Սահակյանը Մանսուրյանին «Երախտագիտության» մեդալով է պարգևատրել. լուսանկար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ փառատոնի շրջանակում համերգներ կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, ինչպես նաև Ստեփանակերտում (Արցախի կառավարությունն ուրախությամբ է ընդունել այս նախաձեռնությունը)։

Փառատոնին կհրավիրվեն երաժիշտներ, որոնք Հայաստանում և արտերկրում պարբերաբար հնչեցնում են մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները։

Մանսուրյանը բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ Հայաստանում համաժողովրդական ճանաչում ունեն նրա ստեղծագործությունները, որոնք հնչում են «Աշնան արև», «Կտոր մը երկինք» և այլ ֆիլմերում։

Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին 50 միլիոն դրամ հատկացվեց կառավարության պահուստային ֆոնդից։

ՀՀ վարչապետը տիկնոջ հետ այցելել է Տիգրան Մանսուրյանին