Պայթած կոյուղի, առնետների խրախճանք ու տանը փակված երեխաներ. Նոր Նորքում կփոխվի՞ իրավիճակը

Նոր Նորքի շենքերից մեկի հետնաբակը վերածվել է աղբանոցի ու առնետների զբոսավայրի։ Բնակիչները, հատկապես` երեխաները, գարշահոտության պատճառով փակված են մնացել տանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Արդեն 3 շաբաթ է, ինչ Նոր Նորքի Ստեփանյան 16/1 շենքի կոյուղագիծը պայթել է, ու կոյուղաջուրը լցվում է Ստեփանյան 16 հասցեի շենքի հետնամաս, ողողում նկուղները և գարշահոտություն տարածում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղի բնակիչները նշեցին, որ ամեն տարի այս պատմությունը կրկնվում է, ու ամառները վերածվում են դժոխքի։

Պայթած կոյուղի, առնետների խրախճանք ու տանը փակված երեխաներ. Նոր Նորքում կփոխվի՞ իրավիճակը

«1-2 տարի չէ, որ խնդիրը կա, վաղուցվա բան է։ Ամեն տարի եկել, կոսմետիկ սարքել են ու գնացել. հաջորդ ամառ նորից նույն փաստի առաջ ենք կանգնել։ Կոյուղաջրերի հոտի պատճառով ամռանն ուղղակի տառապում ենք` պատուհան չենք կարողանում բացել, երեխաները չեն կարողանում բակում խաղալ, իսկ գիշերը քնել չի լինում, քանի որ հոտը տուն է ներթափանցում»,–ասաց տեղի բնակիչներից Նարինե Դավթյանը։

Պայթած կոյուղի, առնետների խրախճանք ու տանը փակված երեխաներ. Նոր Նորքում կփոխվի՞ իրավիճակը

Նրա խոսքով` երբ նախկինում պատկան մարմինների մոտ բարձրաձայնել են խնդրի մասին, բնակիչներին կոչ են արել դիմել դատարան` այդպես էլ չօգնելով ու չլուծելով խնդիրը։

Տեղի բնակիչներից Լենա Աթոյանի խոսքով էլ շենքի անմիջապես հետնամասում, որտեղ հիմա աղբ ու կոյուղաջուր է, տարիներ առաջ կանաչ տարածություն է եղել, որը որպես այգի է ծառայել։ Հիմա բնակիչները վերևից այնտեղ աղբ են թափում, դրան գումարվել է կոյուղաջրի կեղտը, և նախկին բարվոք տեսք ունեցող կանաչ տարածության հետքն անգամ չի մնացել։

Պայթած կոյուղի, առնետների խրախճանք ու տանը փակված երեխաներ. Նոր Նորքում կփոխվի՞ իրավիճակը

«3 շաբաթ է` չգիտենք ինչ անենք, հոտը մտել է տուն` ո՛չ պատուհան ենք բացում, ո՛չ կարողանում բակ իջնել։ Խնդրի մասին միշտ էլ բարձրաձայնել ենք, սակայն այն լուծում չի ստացել, այսինքն` խողովակը մի տեղից վերանորոգել են, մյուս տեղից է սկսել հոսել»,–ասաց տիկին Լենան։

Նրա խոսքով` շենքի բնակիչները վախենում են նաև, որ այս ամենի հետևանքով կարող է համաճարակ սկսվել, քանի որ դրա համար բոլոր նպաստավոր պայմանները կան։

Տեղի բնակիչները պատմեցին նաև, որ տարածքում առնետներ ու ագռավներ կան, որոնք վերևից նետված և կոյուղաջրի մեջ լողացող աղբի մնացորդներն են քրքրում։ Նրանք հայտնեցին, որ իրենց նորընտիր թաղապետը` Հայկ Մհրյանը, կարծես թե խնդրին լուծում է փորձում տալ։

Պայթած կոյուղի, առնետների խրախճանք ու տանը փակված երեխաներ. Նոր Նորքում կփոխվի՞ իրավիճակը

Տարածքին կից, իրոք, շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Ինժեներ Վարդգես Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք նոր կոյուղագիծ են կառուցում։ «Խնդիրն այն է, որ այդ կոյուղագիծը  հնացած ու մաշված էր, իսկ փոխել հնարավոր չէր, քանի որ դեռ 15 տարի առաջ ապօրինի ավտոտնակներ են կառուցել դրանց վրա։ Այսինքն` տարածք շինտեխնիկա ուղղակի չի կարող մուտք գործել։ Ինչևէ, հույս ունենք, որ նոր կոյուղագիծը առաջացած խնդիրը կլուծի»,–ասաց նա։

Այցելեցինք նաև Նոր Նորքի թաղապետարան` թաղապետ Հայկ Մհրյանի հետ զրուցելու, սակայն վերջինս հրաժարվեց մեզ հետ զրուցել` հայտնելով միայն, որ խնդիրն արդեն լուծվում է։

Նշենք նաև, որ կոյուղագծերի հարցով այս դեպքում ոչ թե համայնքը, այլ «Վեոլիա ջուր» ընկերությունն է պատասխանատու։ Ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրականում 7-8 ամիս է` իրենց մեքենաները չեն կարողանում մոտենալ այդ տարածքին ու խողովակները վերանորոգել, քանի որ կոյուղագծի վրա ապօրինի կառուցապատում է արված։

Պայթած կոյուղի, առնետների խրախճանք ու տանը փակված երեխաներ. Նոր Նորքում կփոխվի՞ իրավիճակը

«Հիմա խնդրին փորձում ենք այլ լուծում տալ` թաղապետարանի հետ համագործակցությամբ շրջանցող կոյուղագիծ ենք կառուցում։ Այսինքն` հողային և ասֆալտապատման աշխատանքները թաղապետարանն է անում, իսկ 70 մետր նոր կոյուղագծի խողովակներ տրամադրելն ու դրա վրա դիտահոր կառուցելն էլ մենք ենք անում»,–ասաց նա։

Ի դեպ, նոր կոյուղագծի կառուցման վրա աշխատողները հայտնեցին, որ թաղապետարանը մտադիր է նաև նախ տարածքն ախտահարել, հետո արդեն անցնել նկուղներն ախտահարելուն։ Ավելին, թաղապետարանից նախկին կանաչ տարածքն այգի դառնալու շշուկներ են «արտահոսում»։