Մորը դաժանաբար սպանած տղամարդը հաշվառված է հոգեբուժարանում. Գյումրու սպանության հետքերով

71 տարեկան կնոջը դանակի ավելի քան 10 հարվածով սպանած տղամարդու մասին նոր տեղեկություններ են հայտնի դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Գյումրիում մորը դաժանաբար սպանած 50 տարեկան տղամարդը հաշվառված է Գյումրու «Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում՝ «շիզոֆրենիա պարանոիդ ձևի կայուն դեֆեկտ» ախտորոշմամբ: Sputnik Արմենիային այս մասին ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Նրա խոսքով` դեպքը համարվում է բացահայտված. արդեն հստակ է՝ ենթադրյալ հանցանք կատարած անձը մահացածի որդին է, գտնվում է հաշվառման մեջ:

«Տղամարդը նախկինում հոգեբուժարանում ստացել է ստացիոնար բուժում, բայց արդեն 10 տարի է` արտահիվանդանոցային հսկողության տակ է։ Տանը ստացել է ամբուլատոր բուժում»,- ասաց Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 19-ին սարսափելի դեպք էր տեղի ունեցել Գյումրիում. Ղուկասյան փողոցի 12-րդ շենքի բնակարաններից մեկում 71-ամյա կնոջ դի է հայտնաբերվել, որի գլխին ավելի քան 10 ծակած վնասվածք է եղել։

Նախնական տվյալներով՝ 2019 թ. հունիսի 19-ի երեկոյան Գյումրի քաղաքի բնակչուհու դուստրը և նրա ամուսինը, կոտրելով 1948թ. ծնված կնոջ տան դռան փականքի շրջանակը, ներս են մտել և նկատել դիակը` դեմքի շրջանում առկա վնասվածքներով: 50-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ մորը սպանելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: