Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը մեկնարկեց. լուսանկարներ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Նախարարների հանդիպումն անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ»,– նշել է նա։

Այսօր կայացել էր նաև Մնացականյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հանդիպումը։

Հիշեցնենք` հունիսի 18-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբյանը երեկ` հունիսի 19-ին, հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Ավելի վաղ ԱԳՆ–ն հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։ Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։

Նշենք, որ Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպումը կայացել է մայիսի 13-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։

Մնացականյանն ավելի վաղ հայտնել էր, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման մասին խոսք չկա։