Կառավարությունը գումար է հատկացրել, բայց գործի կեսն է արվել. խախտումներ` ՔԿՀ–ներից մեկում

Կառուցապատողները ոչ բավարար որակի և ոչ ժամանակին ծառայություն են մատուցել ՔԿՀ–ներից մեկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik.Հայաստանի Պետական վերահսկողական ծառայությունը Քրեակատարողական հիմնարկներից մեկում խախտումներ է հայտնաբերել։ Այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը` չմանրամասնելով, թե որ ՔԿՀ–ի մասին է խոսքը։

«Արթիկում» ստուգումներ են անցկացրել. ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել

«Քրեակատարողական հիմնարկում մենք ուսումնասիրություն ենք արել ու հայտնաբերել, որ 2018–ի նոյեմբերին կառավարության որոշմամբ ՔԿՀ–ի վերանորոգման համար տրամադրված գումարները ծախսվել են նախագծանախահաշվարկային սահմանված ձևերի խախտումներով։ Խախտումներ են հայտնաբերվել պայմանագրային պարտավորությունների որոշակի դրույթների, ինչպես նաև աշխատանքների ավարտի ժամկետների հետ կապված»,– ասաց Քյարամյանը։

Նրա խոսքով` պարզվել է, որ կառուցապատողները ոչ բավարար որակի և ոչ ժամանակին ծառայություն են մատուցել ՔԿՀ–ին: Սա, ըստ նրա, հիմք է տվել, որ ՊՎԾ-ն իր ուսումնասիրություններն ամփոփի տեղեկանքում ու այն ուղարկի դատախազություն` արծարծված հարցերի վերաբերյալ քրեաիրավական գնահատական ստանալու ակնկալիքով։

«Ստացվում է այնպես, որ մենք գումար ենք տրամադրել, սակայն աշխատանքների կեսն ուղղակի չի արվել։ Այս կապակցությամբ էլ մեզ հիմա նորից գումար է պետք` ՔԿՀ–ում վերանորոգման աշխատանքներ անելու համար»,–ասաց Քյարամյանը։

Նա հայտնեց նաև, որ իրենք պետք է խնդիրը նորից ուսումնասիրեն ու նոր միայն կառավարությանը ներկայացնեն այդ ՔԿՀ–ի վերանորոգման համար ֆինանսավորման նախագիծը։