Երիտասարդ տղայի դանակահարություն Երևանում. պատճառը սե՞րն է

Տեղեկություններ կան, որ 19 տարեկան երիտասարդը գնացել է սիրած աղջկա եղբոր և նրա ընկերոջ հետ պարզաբանումների, և այդ ժամանակ էլ դանակահարել են նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով` երեկ՝ հունիսի 19-ին, շտապօգնության մեքենայով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քանի տեղից դանակահարված 19-ամյա երիտասարդ։ Վնասվածքները եղել են կրծքավանդակին ու ձեռքին։

Երևանում կնոջ քայքայված դիակ են հայտնաբերել

Շտապօգնության մեքենան նրան հիվանդանոց է հասցրել Ֆրունզեի փողոցից, որը գտնվում է Շենգավիթում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երիտասարդը սովորում է Հայ-հունական քոլեջում։ Ըստ ուսումնական հաստատությունում պտտվող լուրերի՝ տղային դանակահարել է նրա աղջիկ համակուրսեցու եղբոր ընկերը, որն անչափահաս է՝ 15 տարեկան։ Ըստ այդ խոսակցությունների՝ դանակահարված տղան սիրում է այդ աղջկան և հետը կապ է պահում, ինչը դուր չի եկել աղջկա անչափահաս եղբորը։

Վերջինս ընկերոջ հետ հանդիպել է երիտասարդին։ Պարզաբանումների ընթացքում էլ երիտասարդը դանակահարվել է։

Մեր տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերել են անչափահասներին։