Բերեզովսկին լքեց «Դինամոն». ո՞ւր է տեղափոխվել Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահը խոստովանել է, որ «Դինամոն» լքելու որոշումը հեշտ չի եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին հեռացել է Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբից։ Ակումբի պաշտոնական կայքում նշված է, որ 44-ամյա մասնագետը կընդգրկվի «Սոչիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի մարզչական շտաբում։

Վանաձորի «Լոռին» նոր մարզիչ ունի. իսպանացին 1 տարվա պայմանագիր է կնքել

«Ինձ չի լքում այն զգացումը, որ «Դինամոն» իմ տունն է։ Բայց ես այլ մոլորակ չեմ մեկնում, մնում եմ Ռուսաստանում։ Միշտ պատրաստ եմ հանդիպել երկար տարիների ընթացքում «Դինամոյում» ձեռք բերած ընկերներիս հետ։ Կյանքն ինձ հնարավորություն է տվել ուժերս փորձել նոր նախագծում։ Կլինեմ Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչիի» մարզչական շտաբում։ Ալեքսանդր Տոչիլինի հետ վաղեմի ծանոթներ ենք, «Դինամոյում» ենք միասին խաղացել»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Դինամոյի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք` Բերեզովսկին Հայաստանի հավաքականից հեռացել էր 2016 թվականին: 2018 թվականին վերադարձել է հավաքական և աշխատում է մարզչական շտաբում։