«Բելավիան» ավելացրել է Երևան–Մինսկ կանոնավոր չվերթերի թիվը

Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը կարծում է, որ հայերի և բելառուսների միջև մեծ ընդհանրություն կա, այդ պատճառով էլ ավիափոխադրումների տվյալ ուղղությունը պահանջված է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունն ավելացրել է Երևան–Մինսկ կանոնավոր չվերթերի թիվը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը։

«Շաբաթական մենք երկու չվերթ ունեինք, ավելացրեցինք ևս մեկը։ Դա թույլ կտա ավելացնել միջպետական ուղևորահոսքը Մինսկի և Երևանի միջև», – ասաց Նազարուկը։

Նա ընդգծեց, որ երրորդ չվերթը գործարկվել է մայիսի 7-ից։ «Բելավիան» այս չվացուցակով կաշխատի կես տարի, այնուհետև դարձյալ կվերանայի ավիաչվերթերի հաճախականությունը։ Ինքնաթիռները Երևանից Մինսկ են մեկնում շաբաթական երեք անգամ` երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ ժամը 03:35–ին։

«Արմենիա Էյրվեյզը» իրականացրել է Երևան–Թեհրան առաջին չվերթը

«Սա Եվրասիական ինտեգրման հայեցակարգի իրականացումն է, որտեղ աշխատանքային ռեսուրսների, ծառայությունների, կապիտալի և ապրանքների ազատ տեղաշարժ է կա։ Այս ամենը լրացուցիչ հնարավորություններ է տալիս մեզ ավիաչվերթերի թիվն ավելացնելու համար», – ասաց Նազարուկը։

Նա ընդգծեց, որ Հայաստանում տեսնելու, իսկ Բելառուսում հայ հյուրերին առաջարկելու շատ բան կա։ Երկրներն ապրանքների և ծառայությունների հարցում փոխլրացնում են միմյանց։

Եթե Մինսկում զարգացած է օրգանների փոխպատվաստման բժշկությունը, վնասվածքաբանությունը, ապա Երևանում` ատամնաբուժությունն ու կոսմետոլոգիական միջամտությունները։

Դեսպանի խոսքով` կարևոր է, երբ մարդը կարողանում է հարմար պայմաններում տեղ հասնել և բարձրակարգ օգնություն կամ խորհրդատվություն ստանալ։