«Բադասյանին ճանաչում եմ...». Փաշինյանը ներկայացրեց արդարադատության նոր նախարարին

ՀՀ վարչապետը հուսով է, որ երիտասարդ նախարարը կկարողանա իրականացնել կառավարության որդեգրած քաղաքականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդարադատության նախարարության աշխատակիցներին ներկայացրեց արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին։

«Բադասյանին ճանաչում եմ որպես ինտելեկտուալ և կամային հատկանիշներով օժտված մարդու, որը նաև մասնագիտական հմտություններ ունի։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա աշխատել է Պետեկամուտների կոմիտեում` որպես նախագահի տեղակալ, և այդ ընթացքում ցուցադրել է կազմակերպչական բարձր հատկանիշներ»,– ասաց վարչապետը։

Փաշինյանն այդ հանգամանքը կարևորեց Հայաստանի համար վճռական ու շրջադարձային փուլում։

«Կառավարությունն ունի քաղաքական կամք Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում։ Եվ այդ առումով շատ կարևոր է, որ արդարադատության նախարարն արդյունավետ քայլերով իրականացնի այն քայլերը, որոնք հղում է կառավարությունը»,– ասաց ՀՀ վարչապետը։

Հայտնի է` ով կփոխարինի Արտակ Զեյնալյանին. Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը

Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Արտակ Զեյնալյանին կատարած աշխատանքի համար։

«Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանն իր ներուժով ու փորձով Հայաստանի պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կունենա»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ դատաիրավական բարեփոխումների մասին այսօր կխոսի ԱԺ–ում։

«Ինձ համար շատ կարևոր է, որ նախարարությունում պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի»,–եզրափակեց վարչապետը` հաջողություն մաղթելով նոր նախարարին ու կառույցի բոլոր աշխատակիցներին։

Բաբասյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց նախարարի պաշտոնն իրեն վստահելու համար և նշեց, որ կաշխատի արդարացնել սպասումները։

Հիշեցնենք` հունիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Արտակ Զեյնալյանի հրաժարականի դիմումը: