Ավտոմեքենաները զանգվածաբար արտահանվում են, բայց արտահանման վիճակագրություն չկա. Փաշինյան

Վարչապետը կարծում է, որ Ազգային վիճակագրական ծառայությունը պետք է ուսումնասիրի ավտոմեքենաների արտահանման հետ կապված իրավիճակը և ավելի լիարժեք պատկեր ներկայացնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik.Հայաստանում ավտոմեքենաների ներկրումն աճում է, աճում է նաև արտահանումը, բայց արտահանման աճը հարկ եղածի չափ չի ֆիքսվում։ Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թող էլեկտրամոբիլ ներկրեն. Փաշինյան խորհուրդ է տալիս անցնել ավելի թանկարժեք ավտոմեքենաների

Նրա խոսքով` արտահանման զգալի մասը վիճակագրությամբ չի արձանագրվում։ Օրինակ` ավտոմեքենաների արտահանումը։ Հունվար–ապրիլին ավտոմեքենաների ներմուծումն աճել է 24%–ով կամ 255 մլն դոլարով։ Բայց արտահանումը, պաշտոնական վիճակագրության համաձայն, չի աճել։

«Այն դեպքում, երբ մենք ձեզ հետ գիտենք, որ ներմուծվող տրանսպորտային միջոցների զգալի մասը հետագայում արտահանվում է։ Արտահանումը տեղի է ունենում ամենահեշտ եղանակով. մարդիկ (հիմնականում ԵԱՏՄ մյուս երկրներից քաղաքացիներ – խմբ.) գալիս են, մեքենա են գնում և հետ գնում», – ասաց վարչապետը։

Նրա խոսքով` ավտոմեքենաների արտահանումը փաստորեն արտահանման կոնկրետ հոդված է, որը վիճակագրության մեջ արտացոլված չէ։ Վարչապետը կարծում է, որ Ազգային վիճակագրական ծառայությունը պետք է ուսումնասիրի իրավիճակը և ավելի լիարժեք պատկերը ներկայացնի։

Երևանի ծայրամասում սփռված է ավտոմեքենաների հսկայական գերեզմանոցը. ֆոտոշարք