Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին. Բոլտոնը` առաջիկա հանդիպման մասին

ԱՄՆ նախագահի խորհրդականն անդրադարձել է Զոհրաբյան–Մամեդյարով հանդիպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վաշինգտոնյան հանդիպման նախաշեմին գրառում է արել Twitter–ում։

«Անհամբերությամբ եմ սպասում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ` այս շաբաթվա ընթացքում նախատեսված հանդիպմանը, որպեսզի խրախուսեմ նրանց երկխոսությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի խաղաղության առաջխաղացման համար»,– գրել է նա։

​Հիշեցնենք՝ հունիսի 18-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Փաշինյանն ընդունել է Կասպշիկին. Ղարաբաղյան հակամարտության հարցն է քննարկվել

Զոհրաբյանն այսօր արդեն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Ավելի վաղ ԱԳՆ–ն հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։ Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։

Նշենք, որ Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպումը կայացել է մայիսի 13-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։

Մնացականյանն ավելի վաղ հայտնել էր, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման մասին խոսք չկա։