Վանաձորի «Լոռին» նոր մարզիչ ունի. իսպանացին 1 տարվա պայմանագիր է կնքել

Հայկական թիմի ղեկավարությունը հավատում է, որ իսպանացին նոր ձեռագիր կհաղորդի «Լոռի» ֆուտբոլային թիմի խաղին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Իսպանացի Դավիդ Կամպանյա Պիկերը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել Վանաձորի «Լոռու» հետ: Գլխավոր մարզչի հետ մեկտեղ փոփոխման է ենթարկվել նաև ակումբի մարզչական կազմը: Առաջիկա մրցաշրջանում «Լոռու» համար կփորձեն արդյունք ապահովել իսպանացիները։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից։

Հայաստանում մոռացության մատնված մարզադաշտերը, կամ որտե՞ղ «գոլ» գոռան ֆուտբոլիստները

Ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում նոր է ավարտվել, բայց հայկական ակումբներն արդեն սկսել են նախապատրաստվել 2019/20 թվականների մրցաշրջանին: Բարձրագույն խմբի առաջնության նախորդ մրցաշրջանում «Լոռին» շատ լավ մեկնարկեց, երկար ժամանակ գլխավորեց մրցաշարային աղյուսակը, բայց ի վերջո թիմը զբաղեցրեց հինգերորդ տեղը: «Լոռին» վատ հանդես չեկավ նաև Հայաստանի գավաթի խաղարկությունում, հասնելով մինչև եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվեց «Ալաշկերտին»: Գրանցված արդյունքները բարձրագույն խմբի դեբյուտային մրցաշրջանում ընդհանուր առմամբ բավարար էին, սակայն «Լոռու» ղեկավարությունն ուզում է հասնել ավելիին:

Ակումբի հիմնադիր ու նախագահ Թովմաս Գրիգորյանը «Լոռու» նոր մարզիչ Դավիդ Կամպայա Պիկերին առաջինը ներկայացրել է ակումբի երկրպագուներին։

«Ամբողջ մրցաշրջանի ընթացքում այսպես ասած «կանաչ ուժը»`մեր երկրպագուները, աջակցել են թիմին, ու այդ պատճառով էլ որոշեցինք առաջինը նրանց ներկայացնել մեր նոր մարզչին» - ասել է Թովմաս Գրիգորյանը:

Խոսելով թիմի ապագա ծրագրերի մասին` վանաձորյան թիմի հիմնադիրը շեշտել է. «Մենք երկար ժամանակ է, ինչ ուսումնասիրում էինք իսպանացի մարզչի աշխատանքը, նրա մոտեցումներն ու ֆուտբոլային փիլիսոփայությունը: Հավատում ենք, որ նա կկարողանա նոր լիցք հաղորդել թիմի գործողություններին, նոր խաղային ձեռագիր կտա «Լոռուն», ու մենք կհասնենք մեր նպատակին: Իսկ նպատակը միակն է նվազագույնը տեղ զբաղեցնել մրցանակային եռյակում, և իհարկե լինել չեմպիոնական մրցավազքի արժանի մրցակիցը»:

Դավիդ Կամպայա Պիկերը շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար։

«Մենք արդեն ունենք առաջադրանք և իմ նկատմամբ վստահությունն արդարացնելու համար աշխատելու ենք նպատակաուղղված: Հուսով եմ` մրցաշրջանի ավարտին աշխատանքն ամփոփելու հնարավորություն կունենանք»- ասել է իսպանացի մարզիչը:

«Լոռիում» նորանշանակ գլխավոր մարզչին օգնելու են իսպանացի երեք մարզիչներ, այդ թվում և ֆիզիկական պատրաստականության մարզիչը: Թիմը նաև սպորտային նոր տնօրեն ունի` Վահան Դանիելյանը: Բացի այդ, ակումբն արդեն ակտիվ տրանսֆերային քաղաքականություն է վարում, ու թիմում, անկասկած, կլինեն նոր ֆուտբոլիստներ: