ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Արամ Խաչատրյանի անվան երաժշտական մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ և Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Պավել Կոգանը կարծում է, որ իրեն շատ բան է կապում Հայաստանի հետ, իսկ այս երկրի և հայերի հետ ծանոթությունը տեղի ունեցավ նաև կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շնորհիվ: Դիրիժորը նրան իր մեծ ընկերն է անվանում, խորհրդատուն և մենտորը, որը ոչ միայն հիանալի ուսուցիչ էր, այլ նույնիսկ ծնվել է նրա հետ նույն օրը:
Հոբելյանական XV միջազգային երաժշտական մրցույթը 12 երկրից 30 դաշնակահարի մասնակցությամբ անցկացվեց Երևանում հունիսի 12-13-ը: Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Աղաքարյանը գրավեց առաջին տեղը, արծաթ մրցանակով պարգևատրվեց Ղազախստանը ներկայացնող դաշնակահարուհի Օքսանա Շևչենկոն, դափնեկիրների եռյակը եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչ Մյաո Գաոն:
Հայաստանում գտնվող Կոգանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ հաճախ էր հաղորդակցվում Խաչատրյանի հետ, նվագում նրա ղեկավարության ներքո և միշտ նրան մեծ երաժիշտ էր համարում: Հենց այդ է պատճառը, որ իրենց ծանոթությունից շատ տարիներ անց ընդունեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի առաջարկը և դարձավ մաեստրոյի պատվին անցկացվող մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ:
«Հավատարիմ եմ նրա և նրա արվեստի մասին հուշերին: Արամ Իլյիչը կոլորիտային մարդ էր, օժտված անձնավորություն: Նա այնքան վառ ու արտասովոր էր, որ իրեն էր ձգում մագնիսի պես, հատկապես երիտասարդ երաժիշտներին: Ամենասարսափելին մոխրագույնն է` մոխրագույն երկինք, բնությունը և մարդիկ: Խաչատրյանը գույնզգույն էր», – ասաց Կոգանը:
Դիրիժորը ոգեշնչված է այն փաստից, որ հայ ժողովուրդը չի մոռանում, գնահատում ու մեծարում է կոմպոզիտորին: Նրա խոսքով` Խաչատրյանը նույնպես սիրում էր Հայաստանը, հաճախ պատմում նրա մասին և հիանում հայրենիքով, թեև ծնվել ու մեծացել էր Հայաստանի սահմաններից դուրս: Իր ծանոթներից շատերն այդ պատմությունների շնորհիվ են սիրել երկիրը և հաճախ Հայաստան եկել:
«Նա հազարտոկոսանոց հայ էր՝ ուղնուծուծով», – ընդգծեց նա:
Կոգանն առաջին անգամ Երևան է այցելել 1960-ականներին և հասկացել` ինչ գույների, համերի մասին էր խոսում մաեստրոն: Իսկ շատ տարիներ անց որոշեց Խաչատրյանի թանգարանին փոխանցել կոմպոզիտորի նամակը: Նրա խոսքով` դժվար էր նման մասունքից բաժանվել, բայց այն պետք է մարդկանց պատկանի, քանի որ թանգարանն այն պահպանելու և ցուցադրելու լավագույն վայրն է:
Երբ 2013 թվականին լրանում էր կոմպոզիտորի 110-ամյակը, Երևանում Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման ժամանակ Պավել Կոգանը թանգարանին ընծայեց մեծ երաժշտի նամակը, որը հասցեագրված էր իր ծնողներին` Լեոնիդ Կոգանին և Ելիզավետա Գիլելսին: Նամակում Խաչատրյանը երախտագիտություն է հայտնում գործընկերներին և ընկերներին ծննդյան օրը շնորհավորելու կապակցությամբ և միևնույն ժամանակ շնորհավորում իրենց որդու` Պավելի ծնունդը: