Ֆանտաստիկ գեղեցկություն. հայ նկարչուհին զարդարել է Պալացո Կոնտարինին. լուսանկարներ

Վենետիկի տեսարժան վայրերից մեկը` Պալացո Կոնտարինի դել Բովոլոն, հայ նկարչուհի Նարինե Առաքելյանի աշխատանքի շնորհիվ արվեստի գունեղ ստեղծագործության է վերածվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հայ նկարչուհի Նարինե Առաքելյանը յուրահատուկ աշխատանք է ներկայացրել Վենետիկի ժամանակակից արվեստի 58–րդ բիենալեի շրջանակում։ Այս մասին գրում է designboom պարբերականը։

Հայուհին իր պերֆորմանսի համար զարդարել է Վենետիկի տեսարժան վայրերից մեկը` Պալացո Կոնտարինի դել Բովոլո ամրոցը։ Իսկ 15–րդ դարի հայտնի պտուտականման աստիճանը նկարչուհին վերածել է գույնզգույն փարոսի։

«Քաղաքի հորիզոններից երևացող «փարոսը» միակ տարրն է, որ կապում է Վենետիկի անցյալը, ներկան ու ապագան», – նշված է նյութում։

Նկարչուհին ասել է, որ արվեստի գործ ստեղծելու համար իրեն ոգեշնչել է շենքի հարուստ պատմությունն ու հին շենքում գույների հետ փորձեր անելու հնարավորությունը. Պալացո Կոնտարինին կառուցվել է 1499թ–ին Պիետրո Կոնտարինիի համար։

Պալատի գլխավոր առանձնահատկությունը ցանցկեն պտուտակավոր աստիճանն է, որը նախագծել է ճարտարապետ Ջովանի Կանդին։

Նարինե Առաքելյանը բազմատաղանդ նկարչուհի է, որն իր աշխատանքներում համատեղում է պերֆորմանսը, քանդակն ու վիդեոարվեստը։

Նա առաջին անգամ չէ, որ մասնակցում է Վենետիկի բիենալեին. երկու տարի առաջ Նարինեն իր գործերն էր ցուցադրել 56–րդ փառատոնում։