Չինական ընկերությունը ծաղրում է «մազափնջով» սմարթֆոնները. տեսանյութ

Xiaomi-ն իր նոր մոդելի սմարթֆոնի թողարկումից հետո մի քանի զվարճալի տեսահոլովակ է պատրաստել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Չինական Xiaomi ընկերությունը 3 գովազդային հոլովակ է պատրաստել իր նոր Xiaomi Mi 9T մոդելի համար, որոնց մեջ պարզ երևում է, որ ընկերությունը ծաղրում է էկրանի վրա սելֆի տեսախցիկի համար «մազափունջ» ունեցող սմարթֆոնները:


Տեսանյութերի գլխավոր հերոսները՝ ստոմատոլոգը, դիմահարդարը և վարսահարդարը, իրենց աշխատանքը կատարելիս, շեղվում են էկրանի վերևում գտնվող «մազափնջի» պատճառով և, մեղմ ասած, չեն գոհացնում իրենց հաճախորդներին:
Xiaomi Mi 9T մոդելի էկրանի վրա չկան նմանատիպ «մազափնջեր», սելֆիի տեսախցիկը ներկառուցված է հեռախոսում և դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ օգտատերը ուզում է սելֆի անել:

Հարկ է նշել, որ Xiaomi-ն նույնպես ունեցել է այսպիսի մոդելներ, այնպես որ ստացվում է` ընկերությունը, բացի մրցակիցներից, ծաղրում է ինքն իրեն:

Xiaomi Mi 9T մոդելը ներկայացվել է այս տարվա փետրվարին։