Վերմակի տակ երգող Սեյրանյանը. ինչպես էր երևանցի գիտնականը փող հայթայթում հեռախոսով

Sputnik Արմենիայի սյունակագիր Դմիտրի Պիսարենկոն հիշում է, թե ինչպիսին էր Երևանն իր երևանցիներով, երբ նա Ռուսաստանի հեռուստաթղթակիցն էր Հայաստանում։
Sputnik

Գիտությունների թեկնածու Սուրեն Սեյրանյանը տարիներ առաջ աշխատանքային օրը սկսում էր իր չջեռուցվող բնակարանում, ավելի կոնկրետ` անկողնում։ Իր շնչով տաքանալով վերմակի տակ` նա երգում էր հեռախոսով։ Երգում էր պատվերով։ Մենահամերգն ավարտելուց հետո գիտնականն ասում էր մոտավորապես հետևյալը.

– Եկեք ցերեկը երկուսին հանդիպենք Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ։ Երգը 1 դոլար արժե։

Չի կարելի ասել, որ 90–ականներին Գիտությունների ակադեմիայում աշխատող ֆիզիկոսն այնքան վատ վիճակում էր, որ Santa Lucia–ն կամ Չեբուրաշկայի մասին երգը բացառապես փող աշխատելու համար էր երգում։

Սուրենը սկսել էր լսափողով երգել էներգետիկ ճգնաժամի տարիներին, երբ քաղաքում ժամերով, նույնիսկ օրերով լույս չկար, և երևանցիները երեկոները ցրում էին հեռախոսազրույցներով։

Վերմակի տակ երգող Սեյրանյանը. ինչպես էր երևանցի գիտնականը փող հայթայթում հեռախոսով

Սխալ զանգ, կնոջ հաճելի ձայն, և զրույցը շարունակելու համար Սուրենն առաջարկել էր երգել։ Անծանոթուհուն նման ծանոթությունը դուր էր եկել, և նա սկսել էր ավելի հաճախ զանգել` հեռախոսահամարը փոխանցելով ընկերուհիներին։

Ժամանակն անցել էր, և, Սուրենի խոսքով, կյանքը թանկացել։ Սկզբից ունկնդիրներն իրենք էին շաքար, յուղ, ձու առաջարկել։ Բայց մոտ 20 դոլար աշխատավարձ ստացող գիտնականի գլխում այլ գաղափար էր ծնվել։

Նա սկսել էր այցելել լուրջ ընկերություններ և կազմակերպություններ։ Ներկայանալով որպես հեռախոսային երգիչ` թողել էր իր հեռախոսահամարը և անպայման նշել ծածկագիրը։ Առանց ծածկագրի հեռախոսային համերգը չէր կայանա։

Մեր ծանոթության պահին (1998թ–ի վերջ) Սուրենի երգացանկում կար 150 երգ` 7 լեզվով` ռուսական ժողովրդական երգերից, իտալական օպերաների արիաներից մինչև Black Sabbath։

Չեղած տեղը խեցգետինն էլ է ձուկ. երբ Սևանի ձկնորսներն անհարգալից ժեստը «վերածեցին» դոլարի

Նրա համերգային անսովոր գործունեությունը բազմաթիվ անգամ է առիթ է դարձել դատախազություն և այլ պետական մարմիններ այցելելու համար։ Բայց, ինչպես խոստովանում է երգիչը, ամենից առատաձեռնը միշտ եղել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

– Ինձ մի անգամ խնդրեցին երգել հենց պետի աշխատասենյակում։ Դուռը բաց էր, և յուրաքանչյուր ներս մտնողին նա հրամայում էր դնել 1000 դրամ և երգ պատվիրել, – հիշում է Սեյրանյանը ՆՏՎ–ին տված հարցազրույցում։

Ոստիկանությունում նրան հաջողվել է կես ժամում վաստակել հեռախոսային համերգների ամսական հասույթը։ Օրվա ընթացքում նա մոտ 50 երգ է երգել, բայց քչերն են գնացել նշանակված վայր, որպեսզի վճարեն պատվերի համար։

– Ես չեմ նեղանում նման բաներից։ Ուղղակի կարող եմ մյուս անգամ չերգել։ Հավանաբար մարդկանց համար դժվար է, այդքան մոտ չեն ապրում։ Էլ ո՞ւր մնաց մեղեդուց ստացած հաճույքը, եթե ունկնդիրը հետո ստիպված է երկար ու դժվար ճանապարհ հաղթահարել, – բացատրում է Սեյրանյանը։

Սուրենը մանուկ հասակում ընդամենը երկու տարի է երաժշտական կրթություն ստացել։ 50 տարեկանում նա որոշել է լրջորեն զբաղվել վոկալով և սկսել է դասերի գնալ անվանի պրոֆեսորների մոտ։ Գիտնականը երազել է մեծ բեմի մասին, բայց ամեն առավոտ հեռախոսի զանգից արթնացել է իր անկողնում և վերմակի տակ միայնակ ունկնդրի խնդրանքով կատարել հերթական երաժշտական պատվերը։