Փոխվելուց պետք է չվախենալ. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ «Հայաստան» մեր գիտակցության մեջ չպետք է ասոցացվի միայն ճանապարհ կամ ոռոգման ցանց կառուցող հիմնարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Փոխվելուց պետք է չվախենալ, հատկապես երբ աշխարհն է փոխվում։ Այսօր` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ժամանակ, այս մասին ասաց ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հիմնադրամն անհրաժեշտություն ունի դառնալ ավելի ճկուն ու դինամիկ, ինչի համար նախ փոխվել է պետք։ Հիմնադրամը մեր գիտակցության մեջ չպետք է ասոցացվի միայն ճանապարհ կամ ոռոգման ցանց կառուցող հիմնարկ, այն պետք է ընդունվի որպես համազգային վստահության ինստիտուտ»,–ասաց նա։

Նա նշեց նաև, որ հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, և սփյուռքում գործող հիմնադրամի կառույցները չպետք է աշխատեն որպես գանձապետական գրասենյակներ։

Նախագահի խոսքով` 20–րդ դարում ստեղծված հիմնադրամը մեծ հաջողությունների է հասել, սակայն ժամանակն է, որ այն դառնա 21–րդ դարի ազգային ինստիտուտ։

Արշամյան. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին տեղեկությունները կեղծ են»

«2018-ին հիմնադրամն իրականացրել է շուրջ 100 ծրագիր, որոնց մի մասը դեռ ընթացքի մեջ են։ Ավելին, նախորդ տարի հիմնադրամի հեռուստամարաթոնին սատարողների թիվը 20 տոկոսով ավելացել է»,–ասաց Սարգսյանը։

Նշենք, որ հիմնադրամի տարեկան ժողովին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը։

Հիշեցնենք` հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 21 տեղական մարմինները և գործընկեր կազմակերպությունները, որոնք գործում են աշխարհի 19 երկրներում. Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հունաստանում, Կիպրոսում, Ուրուգվայում, Ռումինիայում, Իրանում, Նիդեռլանդներում և Իտալիայում: