ԱԱԾ–ն բացահայտել է Սուրիկ Խաչատրյանի պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքը

Սուրիկ Խաչատրյանի` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով քրգործ է հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը նոր բացահայտում է արել, որը կապված է Սյունիքի նախկին մարզպետի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ–ից։

ԱԱԾ–ն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, ՏԻՄ պաշտոնատար անձանց ցուցում է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին»,–նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը հնարավոր է հարևան երկրներից տարածված լինի. ՔԿ նախագահ

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է, որը մինչև 2016–ի հոկտեմբերը եղել է այդ պաշտոնում։ 2016–ի հոկտեմբերի 6–ին Սյունիքի մարզպետ է նշանակվել Վահե Հակոբյանը։