ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել են ՀՀ հինգ քաղաքացի, որից չորսը տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր, Մոսկվայի ժամանակով 8։00–ին «Կովկաս» մայրուղու 250–րդ կիլոմետրում միմյանց են բախվել 6 ավտոմեքենա։ Մեքենաներից մեկը հայկական պետհամարանիշներով է։
«Ըստ Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ հիվանդանոց տեղափոխված հայերից մեկի վիճակը գնահատվում է ծանր»,–հայտնեց Նաղդալյանը։
Նա նշեց նաև, որ Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների և հիվանդանոցի ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԱԻՆ–ից էլ տեղեկանում ենք, որ պատահարի հետևանքով տուժած 4 հայերը տեղափոխվել են Նևինոմիսկի բժշկական կենտրոն։