Լուսահովիտի համայնքապետի ոտքն անդամահատել են. բժիշկները պայքարում են կյանքը փրկելու համար

Հրազենային վնասվածք ստացած Սարհատյանն «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik.Հայաստանի Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի ոտքն անդամահատել են։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:

Մահվան ելքով վրաերթ Երևանում. տղամարդը մահացել է հիվանդանոցում

Հունիսի 14-ին Սարհատյանն «աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորում, բազմաբեկոր բաց կոտրվածք՝ տեղաշարժով, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ տեղափոխվել էր Իջևանի հիվանդանոց, որտեղից էլ` «Էրեբունի» ԲԿ։

«Սարհատյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկների գնահատմամբ՝ տղամարդու վիճակը կայուն ծանր է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար»,–ասաց Հունանյանը։

Հիշեցնենք, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո Սարհատյանին արդեն մեկ անգամ վիրահատել էին։

Ըստ տեղեկությունների` Սարհատյանը հրազենային վնասվածքը ստացել է Իջևան քաղաքի Անկախության 2ա հասցեում, որտեղից իրավապահները հայտնաբերել են որսորդական հրացանից արձակված կրակոցի և արնանման հետքեր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ըստ լուրերի՝ դեպքից առաջ Սարհատյանն ընկերների հետ խնջույքի է մասնակցել Ենոքավանում։