ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթթի Վարդանյանի հետ հրապարակել է իրենց հարսանյաց լուսանկարը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Իտալիայում։
«Ամուսնացիր ինձ հետ և եղիր ինձ հետ միշտ», – լուսանկարին կից գրել է ֆուտբոլիստը։
Դատելով գեոլոկացիայից՝ լուսանկարն արվել է հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկում` Սան Լացցարո դելի Արմենի կամ Սուրբ Ղազար կղզում։
Լուսանկարում Բեթթին շքեղ սպիտակ զգեստով է, իսկ Մխիթարյանը սև սմոքինգով և թիթեռնիկ-փողկապով։
Ընդամենը մի քանի րոպեում լուսանկարը մի քանի տասնյակ հազար լայքերի և մեկնաբանությունների է արժանացել։ Մխիթարյանի երկրպագուները շտապում են շնորհավորել նրան. «Շնորհավորում եմ», «Երջանկություն ձեզ», «Կեցցես եղբայր, երջանկություն քեզ», «Միկի, թող Աստված ձեզ պահապան լինի», «Ի սրտե շնորհավորում եմ», «Նա ամուսնացավ»։