ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հայկական պետհամարանիշով ավտոմեքենան վթարի է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ճանապարհային ոստիկանությանը։
Այսօր, Մոսկվայի ժամանակով 8։00–ին «Կովկաս» մայրուղու 250–րդ կիլոմետրում միմյանց են բախվել 6 ավտոմեքենա։
Դրանցից մեկը հայկական պետհամարանիշով Honda մակնիշի միկրոավտոբուս է, մյուսը` KIA մակնիշի ավտոմեքենա, երրորդը` Mercedes մակնիշի միկրոավտոբուս, չորրորդը` Hyundai բեռնատար, մյուս երկուսը` «ВАЗ 2112» մակնիշի ավտոմեքենաներ։ ՃՏՊ–ի հետևանքով վեց մարդու տեղափոխել են Նևինոմիսկի հիվանդանոց։ Համացանցում արդեն հայտնվել են պատահարի կադրերը։
Առայժմ հայտնի չէ` տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ կան, թե ոչ։
Վթարի պահին 6 ավտոմեքենայում 32 մարդ է եղել։ Ենթադրվում է, որ ՃՏՊ–ի պատճառը եղել է արագությունը գերազանցելը և առջևից ընթացող տրանսպորտից վտանգավոր հեռավորությունը։
Պատահարի հանգամանքները, ինչպես նաև բոլոր վարորդների պատասխանատվության աստիճանը պարզվում են։
Նշենք, որ Ստավրոպոլի երկրամասում մեկ այլ պատահար էլ էր գրանցվել։ «Կովկաս» ճանապարհի 250–րդ կիլոմետրում բախվել էին Volkswagen միկրոավտոբուսն ու Hyundai ավտոմեքենան։